Քաղաքական ճգնաժամը, որոշակի անկայունությունը լուծելու լավագույն և օրինական ձևը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որոնք պիտի անցկացվեն ազատ և արդար կամարտահայտմամբ, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Բարսեղյանի համոզմամբ, այս տեսակ ճգնաժամերի կծիկից ելքը իշխանության կատարելագործումն է։
Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև
Լևոն Բարսեղյան․ - Հիմա որպեսզի արդյունավետ կառավարվի ճգնաժամը և ճգնաժամից ելքը լինի արդյունավետ, իմ կարծիքով, և ահագին մարդկանց կարծիքով, արտահերթ ճանապարհով օրենսդիր իշխանության ձևավորումն է, օրենսդիրի ձևավորման հետ նաև գործադիրի ձևավորումն է։
«Ազատություն»․ - Այդ ճգնաժամն ինչո՞վ է արտահայտվում, որտե՞ղ է գրված, որ օրինակ, պատերազմում պարտությունը նշանակում է արտահերթ ընտրություններ, կամ էլ խոստումները կյանքի չկոչելը, օրինական քվե են ստեցել․․․
Լևոն Բարսեղյան․ - Այո՛, ստացել են այդ օրինական քվեն, ոչ ոք չի վիճարկել, կասկածի տակ չի առել, բայց այդ քվեն ստացել են ահագին կոնկրետ խոստումների և գաղափարների համար։ Խոսքը հեղափոխական իշխանության և հեղափոխությամբ իշխանություն ստացած խմբի մասին է։ Ինչո՞ւ տեղի ունեցավ այդ հեղափոխությունը, արդարության ահռելի դեֆիցիտից, կոռուպցիայի զարհուրելի ծավալներից, պետության զավթման, արդարադատության բացակայության և էլի մի շարք խայտառակ ծանր խնդիրների պատճառով։ Ինձ թվում է, որ հանրության այն լայն շերտերը, որոնց վկայակոչում է խորհրդարանական մեծամասնությունը, ակնկալում էր հեղափոխական օրակարգի իրականացում։ Պարզ ժողովրդական լեզվով ասեմ, որ մենք ամեն քայլի լսում ենք, հանցագործները պետք է պատժվեն, թալանվածը պիտի վերադարձվի, սրանք ամենապարզ ձևով արտահայտված մտքերն են։ Անցել է որոշակի ժամանակ, առայժմ, ներողություն, թույլ տվեք պատերազմը կողքի դնենք, և մինչ այդ անցել էր երկու տարի համարյա, ու տեղի չէր ունեցել այդ գործընթացը՝ դատարանների մաքրում։ Մենք ունեցել ենք դատության համակարգ, ոչ թե արդարադատության համակարգ։ Էս մասին երկու տարում բազմիցս խոսվել է, բացատրվել է, գրվել է, ուղարկվել է, զրուցվել է։ Կանենք՝ անում ենք, կանենք՝ անում ենք ու վերջում մենք տեսնում ենք, որ ոչ։
Կա, ըստ երևույթին, ինչ-որ քողարկված իշխանություն Հայաստանում՝ ստվերային իշխանություն, կամ խորքային իշխանություն, մի քիչ չափազանցություն է ասածս, ներողություն դրա համար, որը երևի ամեն իրիկուն հավաքվում է ինքն իր համար և քմծիծաղով նայում՝ «վարչապետ ես, հա՞, դե տեսնենք ի՞նչ վարչապետ ես, դատարանները մեր ասածով են շարժվում, ոչ թե արդարության համար, կամ արդարադատության համար», զանազան սաբոտաժի ու գործադուլի եսիմ ինչ դեպքեր, ձախողումներ, գումարած նախկինների ռևանշի, կամ ռեստավրացիայի համար արվող ջանքերը, ծախսվող փողերը, մեդիա ռեսուրսը, քաղաքական լծակների կիրառումը հատկապես դրսից։ Էս ամբողջն օբյեկտիվորեն ճգնաժամի հանրագումար է, սրանից լավագույն ելքը հետևյալն է, թե եղբայր ձախողվել ենք այստեղ, այստեղ, այստեղ, գումարած պատերազմը, հասկացանք նաև ունենք լեգիտիմ քվե՝ ժողովուրդը մեզ ընտրել է ժամանակին, բայց դե դրանից հետո փորձություններ են տեղի ունեցել, սայթաքել ենք, վայր ենք ընկել, չի ստացվել, բերեք մի քննություն արեք, մեզ կհամարեք, որ պիտի մնանք աշխատենք, քվեն տվեք մնանք աշխատենք, կհամարեք, որ որևէ մեկը պիտի մեծամասնական բացարձակ քվե չստանա, լինեն հարաբերական մեծամասնություններ՝ կոալիցիայով, մենք կլինենք մեջը, չենք լինի, թող ժողովուրդը որոշի։ Բացարձակ անընդունելի է, սխալ է, ծաղրական է այն միտքը, թե «մենք հիմա իշխանություն ենք, մենք լայն շերտերի կարծիքը գիտենք, դրա կարիքը չկա»։
«Ազատություն»․ - Հիմա, երբ ասում են լայն շերտեր, արդեն մեկնաբանում են, նկատի ունեն, որ այդ մարդիկ տանը նստած են և արտահերթ ընտրությունների պահանջով չեն լցվել հրապարակներ։
Լևոն Բարսեղյան․ - Շատ պրիմիտիվ մտածողություն է, որովհետև այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն իր վարչախմբով դիմադրում էր, հեգնում էր, ծաղրում էր՝ ասելով, թե «դե մարդիկ ընտրել են» և այլն, իր մտքով բոլորովին չէր անցնում այն համաժողովրդական ընդվզումը և հատկապես ընդվզման ձևը, ինչ տեղի ունեցավ։ Հիմա ես էլ չեմ կարող ասել, թե հանրությունն իր դժգոհությունն ինչպես կարտահայտի։ Ես խնդրում եմ, որ այս հայտարարությունը, կամ համանման մտքերը չվերագրվեն ազատազրկման և ունեզրկման սարսափներից փողոցներում վարչապետի հրաժարական ղժժացող ուժերին, դրանք բոլորովին տարբեր մղումներ են, նրանք իրենց հետաքրքրություններն ունեն։ Իմ ասածը հասարակ բան է, որ այս տեսակ ճգնաժամերի կծիկից ելքը իշխանության կատարելագործումն է։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև
«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
Հիշեցնենք, որ դեռևս տարեվերջին վարչապետ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել էր խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։