Կոնջորյանը պնդում է՝ արտահերթ ընտրությունների պահանջ չկա

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ պնդեց՝ արտահերթ ընտրությունների պահանջ չկա՝ մանրամասնելով՝ մարդկանց բավական մեծ հատված, իմքայլականների հետ շփումներում, նամակներում, հաղորդագրություններում պահանջում է չգնալ արտահերթ ընտրությունների։

Կոնջորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

Կոնջորյան․ - Մենք ամեն դեպքում պետք է ունենանք որոշակի իմպուլսներ և դրանք պետք է լինեն շատ հստակ, որպեսզի այդ ազդակներից ելնելով մենք կայացնենք որոշում

«Ազատություն»․ - Որոնք՞ են այդ ազդակները, ի՞նչ պետք է լինի, որ իմանաք, որ ժողովուրդն ուզում է։

Կոնջորյան․ - Կան մարդկանց բավական մեծ մի հատված, որոնք մեր շփումների, քաղաքացիների հետ մեր հանդիպումների, մեզ ուղղված նամակների, հաղորդագրությունների արդյունքում մեզանից պահանջում են որպեսզի մենք չգնանք արտահերթ ընտրությունների։ Այսինքն՝ կա և՛ այս, և՛ այն կողմը։ Որպեսզի մեզ համար այդ ազդակները լինեն այնքան ծանրակշիռ, որ մենք կայացնենք նման որոշում, ես կրկնում եմ՝ քաղաքացիները պիտի իրենց կամքն արտահայտեն աներկբայորեն, և ես ասում եմ՝ վերջին տարիներին, մասնավորապես, երբ որ մեր ժողովուրդն այս կամ այն հարցով քաղաքացիական կամ քաղաքական, ունեցել է անհամաձայնություն գործող իշխանության, կամ կայացրած որոշումների հետ, նա գտել է, որ այդ անհամաձայնությունն այնքան կրիտիկական է, որ պիտի դուրս գա փողոց և փողոցով պահանջի, մեր ժողովուրդը դա արել է։ Այսինքն՝ որևէ կոմպլեքս չկա, եթե մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ցանկանար և մեզանից պահանջեր գնալ արտահերթ ընտրությունների և գտներ, որ դա պիտի փողոցով մեզ ներկայացնի, ապա առանց 17 ուժերի քաղաքացիները կինքնակազմակերպվեին, կամ այլ քաղաքական ուժերի հետ դրա պահանջը մեզ կներկայացնեին։

«Ազատություն»․ - Դրա բացատրությունը կա՝ հետպատերազմյան շոկ, այլընտրանքի բացակայություն

Կոնջորյան․ - Այո, հաշվի առնելով հետպատերազմյան շոկը, նաև մեր ժողովուրդը շատ սթափ է գնահատում իրավիճակը, շատ իմաստուն է և հասկանում է , որ այսօր մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը պահանջում է, որ կառավարությունը կոնկրետ գործողություններ անի, գործ անի, էդ խնդիրները կարգավորի, որոշ հրդեհներ մարի, էսպես ասած, և դրանից հետո՝ այո՛, իհարկե, կան քաղաքացիներ, կա մի հատված, որը դժգոհ է, և մենք պատրաստ ենք ժողովրդի դժգոհության հետ առերեսվելու, մենք չենք խուսափում այդ պատասխանատվությունից, բայց քաղաքական գործընթացները պետք է ունեն տրամաբանություն, և յուրաքանչյուրը պետք է կրի իր բաժին պատասխանատվությունը։

«Խորհրդարանական ընտրություններից չենք խուսափում»

«Ազատություն»․ - Նշանակում է կլինե՞ն հերթական ընտրություններ երեք տարի անց։

Կոնջորյան․ - Գիտեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերին հրավիրել էր խորհրդակցությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով և քննարկման հրավերն ըստ էության նաև ուղղված էր մյուս ուժերին, այդ թվում՝ արտախորհրդարանական։ Բայց ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմության մեծագույն մասը, մենք կարող ենք ասել, գոնե նրանք, ովքեր այսօր քաղաքական պրոցեսների ակտիվ մասնակից են իրենց համարում, ըստ էության, դրական չարձագանքեցին այս հրավերին։ Արտահերթ ընտրություն անցկացնելու մյուս ինդիկատորը՝ գլխավոր, պետք է լիներ ժողովրդի հանրային պահանջը, որը պետք է աներկբա դրսևորվեր մասնավորապես, օրինակ, հրապարակներում և փողոցներում, որի փորձը մեր հանրությունը, մեր ժողովուրդն ունի, և եթե որևէ հարց մեր քաղաքացիներին այնքան մտահոգում է, որ նրանք գտնում են, որ դրա մասին պիտի իշխանությանը տեղեկացնեն, այդ թվում՝ փողոց դուրս գալով, մենք գիտենք, որ վերջին տարիներին որևէ իմաստով խնդիր չի եղել, որ մեր հանրությունը դա կատարի, և, ըստ էության, մի կողմից տեղի չունեցավ ժողովրդի կողմից այդ հանրային պահանջը, մյուս կողմից, մասնավորապե խորհրդարանական ընդդիմությունը, որն այս պահին նաև ունի մանդատ դե ֆակտո և դե յուրե ժողովրդի կողմից, ևս դրականորեն չարձագանքեց։ Մեր հայտարարությունն ի՞նչ է նշանակում, որ մենք շարունակում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզի իրականացման գործընթացը, որն ավարտվելու է հունիս ամսին և արդեն իսկ, ինչպես վարչապետը նշել է, դրանից հետո նա հանդես կգա հաշվետվությամբ և նաև, հաշվի առնելով հանրության արձագանքը այդ հաշվետվությանն ու ընդհանրապես ճանապարհային քարտեզի իրականացմանը, դրանից հետո մենք արդեն իսկ կխոսենք, եթե կարիք լինի նոր որոշման, ապա նոր որոշում կկայացնենք։

Ավելին՝ ժողովրդի մի ստվար հատված մեզանից պահանջում է, որ մենք չգնանք խորհրդարանական ընտրությունների և մեզանից պահանջում է, որ մենք գնանք գործ անենք՝ լուծենք գերիների հարցը, լուծենք բոլոր հումանիտար խնդիրները, լուծենք վնասված ենթակառուցվածքների հարցը, լուծենք Արցախի մեր եղբայրների և քույրերի վերադարձի հարցը, լուծենք ներքաղաքական խնդիրները, փոխենք կուսակցությունների մասին օրենքը, Ընտրական օրենսգիրքը, կատարենք դատական ռեֆորմ, ժողովուրդն առաջին հերթին սա է մեզանից պահանջում, և այդ գործընթացների իրականացմանը զուգահեռ, երբ որ կապահովվի ժողովրդի կամարտահայտման անվտանգությունը, այո,՛ այդ ժամանակ նաև հնարավոր է գնալ խորհրդարանական ընտրությունների, որից մենք չենք խուսափում։​

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:

Հիշեցնենք, որ դեռևս տարեվերջին վարչապետ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել էր խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարում էր, որ իրենց օրակարգով նախ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Ազգային ժողովը Վազգեն Մանուկյանին ընտրի ժամանակավոր վարչապետ, և արտահերթ ընտրություններն անցկացվեն մեկ տարի անց։ Շարժման համակարգող, «Դաշնակցության» Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարեց՝ «վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունի»։