Դատարանը բավարարել է Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդությունը

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանին կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանը նշեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:

Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը): Նա չի ընդունում մեղադրանքը, ավելին՝ դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում:

Երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս, Բադասյանը վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել՝ չթաքցնելով, որ գիտակցում է, որ իրեն այդ հայտարարության համար կձերբակալեն։