Բադասյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։
«Մեր համոզմամբ, վարույթն իրականացնող մարմինը նրա ներկայացրածը ճիշտ չի մեկնաբանել, ակնհայտ իրեն չվերաբերող քրեական հետապնդում է սկսել», - ասաց Պապիկյանը։
Պաշտպանը նաև հայտնեց, որ Բադասյանը չի ընդունում մեղադրանքը, ավելին՝ դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում․ - «Մեր կարծիքով, նաև պարոն Բադասյին կարծիքով, դա ավելի շատ քաղաքական հետապնդման տարրեր է իր մեջ պարունակում, իրեն՝ որպես հանրային անձի, լռեցման փորձ է կատարվում»։
Դիտարկմանը, թե երեկ Բադասյանը սպառնալի հայտարարություն է հնչեցրել, և հարցին, թե ինչպես է Բադասյանն ինքը մեկնաբանում դա, պաշտպանն արձագանքեց․ - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Բադասյանը, օգտվելով իր իրավունքից, դեռևս ցուցմունք չի տվել, և ձեր նշած հարցի վերաբերյալ ինքը իր դիրքորոշումը հայտնել է մեր խորհրդապահական զրույցի ժամանակ, այսօր հավանաբար դատարանում կներկայացնի իր տեսակետը, իր դիրքորոշումը»։
Երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս, Բադասյանը վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել՝ չթաքցնելով, որ գիտակցում է, որ իրեն այդ հայտատարության համար կձերբակալեն։
«Սպառնալիքի կոչեր եմ անում, և գիտակցաբար եմ անում։ Թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի․․․ Ինքը [Փաշինյանը] պետք է վերանա և հեռանա», - ասել էր Բադասյանը։
Հարցին՝ իսկ եթե չհեռանա՞, պատասխանել էր․ - «Ուրեմն կհեռացնենք․․․ ֆիզիկապես։ Այո, զենքով»։
Բադասյանը նույն օրը բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն ու ձերբակալվել:
Պաշտպանը հայտնեց, որ դատարանը Բադասյանի կալանքի միջնորդությունն այսօր կքննի։
Մինչդեռ Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեկ Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։ Թե ովքե՞ր են ձերբակալված անձինք, նախաքննական մարմնից դեռ չեն հայտնում։
«2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Կառավարության շենքի առջև քաղաքացիները երեկ իշխանափոխության պահանջով էին հավաքվել, փորձել էին շենք մտնել, ինչի հետևանքով բախում էր առաջացել։