Մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է, նախնական տվյալներով, 31 քաղաքացիական անձի աճյուն

Նոյեմբերի 13-ից մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է, նախնական տվյալներով, 31 խաղաղ բնակչի աճյուն: Այս մարդիկ պատերազմի ընթացքում չէին լքել իրենց հարազատ տները:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի ղեկավարի տեղեկացմամբ՝ քաղաքացիական անձանց աճյունները հիմնականում հայտնաբերվում են Հադրութի շրջանի գյուղերում։ Ասաց նաև՝ այլ բնակիչների վերաբերյալ ևս տվյալներ ունեն և նրանց գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Քարին Տակի բնակիչ, 57-ամյա Ալվարդ Թովմասյանի դին հենց իր տան բակում թաղված են գտել: Եղբոր կինը՝ Նաիրա Թովմասյանը, պատմում է՝ ինչքան փորձել են համոզել, որ ընտանիքի մույս անդամների հետ տեղափոխվի գյուղից, չի համաձայնել:

«Հոկտեմբերի 20-ին գյուղից դուրս եմ եկել, ինչքան արի, որ ինքը իմ հետ գա, չեկավ: Ասում եմ՝ դուրս արի, ասում են՝ թուրքերն արդեն մտնում են Սղնախ գյուղ, դուրս չեկավ ոչ մեկի հետ, ասում էր՝ ես մեր տնից դուրս չեմ գալու: Օրը երեք անգամ, չորս անգամ իր հետ խոսում էի, ամսի 3-ին վերջին անգամ խոսեցինք, արդեն 4-ին կապը կտրվեց, չկարողացանք իր հետ խոսենք», - պատմեց Թովմասյանը:

Նոյեմբերի 3-ից հետո արդեն Թովմասյանի հետ չեն կարողացել կապվել։ Հունվարի 13-ին հայտնաբերված կնոջ աճյունը, եղբոր կնոջ խոսքով, դաժանորեն խոշտանգված ու մասնատված է եղել:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի փոխանցմամբ՝ իրենք ևս արձանագրել է, որ մարմինները խոշտանգված են եղել, ունեն ապացույցներ. «Առաջիկայում հրապարակվելիք մեր զեկույցում նաև հակիրճ տեղեկատվություն է ներկայացվելու դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալների վերաբերյալ»:

Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի իրավունքը, ասում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Օմբուդսմենի խոսքով՝ յուրաքանչյուր դեպք հայտնաբերելիս միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում այդ հարցի վրա։

«Խոշտանգման չենթարկվելու հարցերը և այլն, դրանք բացարձակ արգելքներ են, օրինակ, նույն խոշտանգման չենթարկվելու բացարձակ արգելքը, որը Ադրբեջանը շարունակում է կիրառել, հետևաբար, մենք պետք է այս հարցերը բարձրացնենք այդ տեսանկյունից: Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրն է արդեն, ցավոք սրտի, այդ վայրագություններից հետո ներկայացնել դրա իրական դրդապատճառները, այդ միասնական քաղաքականությունը, որովհետև Ադրբեջանը իր նման վայրագությունները, անմարդկային վերաբերմունքը, որ կատարում է, դրա հիմքում մեկ միասնական շղթայի տարրեր են: Վայրագություն, ատելություն, թշնամանք, լարվածություն մտցնել հայ հասարակությունում, հրահրել թշնամանք և այլն, սրանք ամբողջը պետք է մեկ միասնական շղթայի մեջ դիտարկել: Դա է հարցը, որ այնտեղ սա ըստ էության ունի համակարգային և լայն կիրառություն, ու դա պատերազմական հանցագործություն է», - ասաց Արման Թաթոյանը:

Ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1318 և՛ զինծառայողների, և՛ քաղաքացիական անձանց աճյուն: Մարտական գործողությունների տարածքում որոնողական աշխատանքներն այսօր էլ շարունակվում են Մարտունու, Ֆիզուլիի և Հադրութի շրջաններում: Երեկ Ֆիզուլիի շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն՝ առանց հստակեցնելու, թե որտեղից են հայտնաբերել: