ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչներին է փոխանցել վերջին պատերազմում զոհված ևս 30 զինծառայողների դիակներ:
Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Հունվարի 24-ին փրկարարների ջոկատները որոնողական աշխատանք են կատարել Ֆիզուլիի, Քաշաթաղի և Մատաղիսի հատվածներում: Այդ աշխատանքի արդյունքում ադրբեջանական կողմը 30 զոհվածների աճյուններ է փոխանցել` չնշելով դրանք հայտնաբերելու ստույգ տեղը: Աճյուններն անճանաչելի են, զոհվածների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունն: Փրկարարական-որոնողական աշխատանքի մեկնարկից ի վեր հայտնաբերվել է 1281 մարդկանց աճյուն»,- ասվում է Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրությունում:
ՏԱՍՍ-ը նշում է, որ ըստ Հայաստանի իշխանությունների, պատերազմում զոհվել է շուրջ 3 և կես հազար մարդ, կան մեծ թվով անհետ կորածներ:
Նրանց հայտնաբերելու առաքելությունը ստանձնել են ռուսաստանցի խաղաղապահներն ու Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը: