Երեկ, հունվարի 24-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: Վերջինս, նախնական տվյալներով քաղաքացիական անձ է, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։
Ծառայությունը նշում է, որ հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, ովքեր տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Վերջիններս, ԱԻՊԾ-ի փոխանցմամբ, կամ սպանվել են, կամ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել:
Ծառայությունը նշում է, որ նախնական տվյալներով 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ:
Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Վարանդայի(Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ) և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս ուղղությունում:
Նախարարությունը նշում է, որ նոյեմբերի 9-ին հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո, 2020թ. նոյեմբերի 13-ից հայկական ու ադրբեջանական կողմերը մինչ այսօր շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնման և փոխանակման աշխատանքները: