Երեկ՝ հունվարի 25-ին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մարտական գործողություններին մասնակցած ևս չորս զինծառայողների աճյուններ, «Ազատության»-ը փոխանցեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Թադևոսյանի խոսքով՝ զինծառայողներից մեկի աճյունն ադրբեջանցիներ են հայտնաբերել Մատաղիսի տարածքում և վերադարձրել հայկական կողմին։
«Նրա ինքնությունը պարզ է՝ զինվորի մոտ առկա վարորդական վկայականից։ Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է։ Մյուս երեք զինծառայողներին փրկարարները Ջաբրայիլի տարածքից են հայտնաբերել, նրանց ինքնությունը պարզելու համար առաջիկայում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն», - ասաց ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։
Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են մեկ ուղղությամբ՝ երկու ջոկատով։ «Հադրութում են աշխատելու և գուցե երեկոյան ունենաք նոր տվյալներ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1287 մարմին», - ասաց Թադևոսյանը։