Անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսվել են այսօր ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի, Ֆիզուլիի և «Կարախամբեյլի» կոչվող տարածքի ուղղություններով, «Ազատությանը» հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Փրկարարներն աշխատանքները դադարեցրել էին շաբաթ օրը Հադրութում և Շուշիի շրջանում իրադրության լարվածության պատճառով:
«Թե ինչ արդյունքներ են լինելու, թե քանի զոհված զինծառայողի մարմին կարող են գտնել, դա արդեն պարզ է լինելու ուշ երեկոյան, երբ ջոկատներն արդեն վերադառնան Ստեփանակերտ», - ասաց նա:
Օրերս հրապարակված վերջին տվյալների համաձայն` մինչ օրս հայտնաբերվել է 828 զինծառայողի մարմին: Այս ընթացքում հաջողվել է գտնել միայն մեկ ողջ մարդու` ոստիկանի, որը 6 օր շարունակ անտառում էր թաքնվել:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղերձով դիմելով քաղաքացիներին, հայտնեց, որ զոհվածների մարմինների որոնումը նոր թափով պետք է շարունակվի: Հունան Թադևոսյանի խոսքով` արդեն ավելի մեծ ուժեր են կենտրոնացված այդ աշխատանքի համար. «Եթե նախկինում թողնում էին 2 ջոկատ, կամ իրենք` ադրբեջանական կողմն էր ասում, թե քանի հոգի մասնակցի, ենթադրենք 20 հոգի, իսկ առաջին օրերին մասնակցում էին 35-40, հետո դարձավ 60, այսօր այդ ջոկատների թիվն ավելացել է, և միաժամանակ ավելացել են նաև ուղղությունները, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում»:
Վարչապետ Փաշինյանը երեկ չբացառեց, որ անհետ կորած քաղաքացիներից ոմանք լինեն ադրբեջանական գերության մեջ:
Իր ամուսնուց գրեթե 2 ամիս նորություն չունեցող Մանյա Մելոյանը նույնպես դա հնարավոր է համարում. «Շատ մեծ հավանակություն է եղել, որ կարող է և բոլորն են գերի, որովհետև անմիջապես թշնամու քթի տակ են տարել, թշնամին մի մետրի վրա իրենց դիմավորել է: Հիմա ուզում ենք այդ տեսնենք, վերջն ինչ է լինելու»:
Անհետ կորած զինվորականների հարազատները շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել: Այսօր էլ նրանց մի խումբը հավաքվել էր Պաշտպանության նախարարության դիմաց: Սոֆյա Գալստյանն իր որդուն գտնելու հույսն արդեն կորցնում է. «Ամսի 21-ից էլ նորություն չունեմ, 20-ի գիշերն եմ խոսել»:
Անհետ կորածների հարազատներին մեկ բան է մնում` սպասել. «Սպասում ենք, էսքան որ մեզ խաբել են` էսօր-վաղը, էսօր-վաղը, սպասում ենք, ստերով օրերն անցնում են», - նշում է Սոֆյա Գալստյանը: