Արդեն երկու օր է` անհետ կորած և զոհված զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի խոսքով՝ պատճառն Ադրբեջանի սադրիչ գործողություններն են Հադրութի և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում։
Թադևոսյանն ասաց՝ ըստ նախնական պայմանավորվածության որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն վաղը. «Նրանք խոստացել են, որ վաղն արդեն պետք է Արցախի հարավային ուղղությամբ այն տարածքներում, որը հիմա Ադրբեջանի վեևահսկողության տակ է, այնտեղ կիրականացվեն փրկարարաորոնողական աշխատանքներ: Դա Հադրութն է, Ֆիզուլին է, Կուբաթլու և Ջաբրայիլ ուղղությունները»:
Թադևոսյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 13-ից ի վեր զոհված զինծառայողի 828 մարմին է հայտնաբերվել։ Առայժմ միայն Շուշիի տարածքում է գտնվել մեկ ողջ մնացած զինծառայող։ Որոնողափրկարարական աշխատանքներին ծնողներից զատ, ընդգրկվել են նաև այն զինծառայողները, որոնք տվյալ տարածքում են ծառայության եղել. «Ծնողները գալիս են, մասնակցում: Ոչ միայն ծնողները, այլև այն զինծառայողները, ովքեր ռազմագործողությունների այդ փորձությունն անցել են, եթե Ջաբրայիլում, ապա նաև թույլատրվում է, որ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներից մտնեն ու կոնկրտե տեղանքը ցույց տան, որը բավականին արդյունավետ է, ավելի արդյունավետ է, քան ասենք` ծնողների կամ այլ տվյալներ, որ տալիս են մեզ»:
Անհետ կորած բազմաթիվ զինծառայողների հարազատներ այս ընթացքում սպասում են, թե երբ իրենց զինվորներից որևէ լուր կստանան։ Շաբաթներ շարունակ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Էջմիածնից զորակոչված զինծառայողների հարազատները։ Թեև ունեցել են հանդիպումներ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել։ Հարազատները մինչ օրս հստակ պատասխանի են սպասում։ Նրանցից մեկը Մանյա Մելոյանն է, ով մոտ երկու ամիս է՝ փնտրում է ամուսնուն. «Դեռ փոփոխություն չկա, չգիտենք էլ` ինչ կարող ենք անել, էլ չգիտենք: Ասում են, որ անընդհատ մենք բանակցությունների մեջ ենք, ասում ենք, բայց դե արդյունք դեռ չենք տեսնում»:
Եղել են նաև անհետ կորած զինծառայողների հարազատներ, որոնք մեկնել են Կապան, սակայն այնտեղից էլ որևէ լուր չստանալուց հետո վերադարձել։ Մելոյանը այլևս հույսեր չի կապում Հայաստանի պատկան մարմինների հետ։ Մինչ օրս նրանցից մեկ արձագանք է ստացել` սպասեք 2 օր, և այդպես արդեն ավելի քան 50 օր է՝ սպասում է. «Իրենցի բացարձակ հույս չունեմ: Ես դա հենց իրենց երեսին եմ ասել: Եթե մարդիկ իրենց սեփական կոչումի բարձրացման համար առանց ոչ մի բանի, տղաների ֆիզիկական պատրաստվածության վրա հիմնվելով` տարել են թշնամու տարածք, ընդ որում օգնության էլ չեն գնացել, Անդրանիկ Մակարյանի փոխանցմամբ, գնայի, ե՞ս էլ մահանայի: Մեզ էտ պատասխանեց: Դատողություն ունեցող մարդը կհավատա՞ նմաններին: Ես չեմ հավատում: Իմ հույսը միայն այն է, որ այդ տղաներից ովքեր էլ որ, մենք չգիտենք` ովքեր են մահացած, չեմ իմանում, կամ բացառված չի, որովհետև նաև գերի կարող են լինել, որովհետև գերիների մեջ մի քանի իրենց ճանաչել են, իրենց տղաներին ճանաչել են, բայց ես դեռ իմ ամուսնուն չեմ տեսել այդ վիդեոների մեջ, ու բացառված չի, որ կարող է և ինքը լինի գերի»:
Անհետ կորած զինծառայողների հարազատներն այժմ ակնկալում են հանդիպում Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։