Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ շարունակվում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները:
Սկսած նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ բուն որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները և սակրավորական խմբերը։
Ըստ հաղորդագրության, զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաև Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում:
«Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում», - ասված է հաղորդագրությունում:
ԱԻ պետական ծառայությունն ընդգծում է, որ բանակցող կողմ չի հանդիսանում, Արցախի փրկարարներն իրենց գործուն մասնակցությունն են ցուցաբերում որոնողական աշխատանքերում, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որտեղ զինծառայողների մասին փաստացի տեղեկություններ են հավաքվում, քարտեզագրվում և փոխանցվում բանակցող կողմերին: