Կրտսեր եղբայրն առաջնագծում երկու թևերն է կորցրել, ավագը ոտքից է ծանր վիրավորում ստացել

Ծովագյուղցի Սանեյանների ընտանիքում պատերազմական վերքերը դեռ թարմ են։ Մինչ պատերազմը խաղաղապահ զորքերում ծառայող երկու եղբայրներից կրտսերը՝ 25-ամյա Վարազդատը, հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից հենց տեղում երկու թևերն է կորցրել, ավագը՝ 27-ամյա Վարդանը, ոտքից է ծանր վիրավորվել։

Վարազդատին հանդիպեցինք Երևանում՝ պրոթեզավորման կենտրոնում, ռազմաճակատում թևերից զրկված պայմանագրային զինծառայողի վիրակապերը փոխելու և ժամանակակից պրոթեզավորման հարցերը քննարկելու ժամանակն է արդեն. «Մկաններն աշխատում են, կարող են միոպրոթեզ սարքենք մկանների հաշվին, խոսքը 2 ձեռքի մասին է, միոպրոթեզով մկանների հաշվին դաստակը բացում-փակում ես»:

Բեկորները դեռ Վարազդատի ուսերում են, նաև կոտրվածք ունի: «Օրթեզ» պրոթեզավորման կենտրոնի տնօրեն Արա Թեքգյոզյանն ասում է՝ զինծառայողի պրոթեզավորումն անվճար է արվելու՝ բարերարների աջակցությամբ։ Պրոթեզավորման կարիք ունեցող մի քանի տասնյակ զինծառայողներ են դիմել մասնավոր այս կենտրոն: Տնօրենն «Ազատությանն» ասաց՝ իրենք պատրաստ են անվճար աջակցել, բայց թանկարժեք նյութեր կան, որ արտերկրից են պատվիրում։ Այս օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրենցից պրոթեզների գներ է խնդրել՝ նվազագույնից մինչև առավելագույնը. «Բարերարների հիմնական խնդիրն ավելի բարձր տեխնոլոգիաներով զարգացնելն է, ավելի ֆունկցիոնալ սարքել: Մենք լիովին կողմ ենքք դրան, և կարծում եմ` պետությունն էլ է պատրաստ դրան: Վերջերս մեզնից ուզել էին ժամանակակից պրոթեզների արժեքները: Ես կարծում եմ` ուզել են, որ հետո պիտի վճարեն»:

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պատերազմին մասնակցած զինծառայողների վերականգնողական բուժման ծախսերը կհոգա պետությունը։ Մինչև այդ, սակայն, նրանցից շատերը պրոթեզների կարիք ունեն, միայն դրանից հետո այդ մարդիկ կկարողանան վերականգնողական անվճար բուժում անցնեն։

Պատերազմից հետո համացանցում քիչ չեն անդամահատված զինվորների համար դրամահավաքի հայտարարությունները, որոնցում հիմնականում նշված է, որ լավագույն պրոթեզներն արտերկրում են պատրաստում, կամ զինվորների բուժումը պետք է արտերկրում կազմակերպվի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին՝ այս պատերազմից տուժած շուրջ 1000 զինծառայող տարբեր կարգի պրոթեզավորումների կարիք ունի, պետությունն իր վրա է վերցնում մինչև 2.5 միլիոն դրամ արժողությամբ պրոթեզների փոխհատուցումը։

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանն ասում է. «Ծանր պրոթեզարանների կողմից պատրաստված ամենաթանկ պրոթեզն է եղել, հիմա այս պահին մենք դեռ պիտի հասկանանք` դրանից թանկի դեպքում ինչ լրացուցիչ աշխատանքներ են պետք, եթե պրոթեզը թանկ չի, բայց դրա հետ կիրառվող դետալն է թանկ, հնարավորություն կա նաև այդ ձևով կոմպենսացնել»:

Պրոթեզավորման կենտրոնում քննարկում են, որ երկու թևերից զրկված պայմանագրային զինծառայող Վարազդատին բարեգործների օգնությամբ, գերմանական պրոթեզներ տրամադրեն, մեկ պրոթեզը մինչև 5000 դոլար արժե։ Վարազդատին տանը սպասում է ոտքից ծանր վիրավորում ստացած եղբայրը՝ խաղաղապահ Վարդանը, որը, Կոսովոյում ընդհատելով ծառայությունը, եկել էր ուղիղ Արցախ։ Երկու եղբայրները պատերազմի օրերին միասին են եղել առաջնագծում:

Վարդանը հիշում է՝ երբ ինքը վիրավորվել է, չդադարող հրետակոծությունների տակ կրտսեր եղբայրը սողալով մոտեցել է իրեն և մի քանի զինվորների օգնությամբ իջեցրել շտապ օգնության մեքենայի մոտ։ Երբ արդեն մեքենայում իրեն առաջին բուժօգնություն են ցույց տվել, արկն ընկել է մեքենայի վրա, որի կողքին կանգնած եղբոր թևերը տեղում կտրվել են. «Ես ձայնը լսեցի, շատ ուժեղ վալնա էր, ես պառկած եմ եղել, ինձ հանել էր, նստացրել էր էտ վալնան, ու ես տեսա, որ իմ ախպերը վիրավորվել է: Սկոռուց մի քիչ էն կողմ գնացել, իմ ախպերն ընկել էր, ձեռքերը տեսա էլի, որ չկա իմ ախպոր, վիրավոր ոտքով, սողեսող ես գնացել եմ իմ ախպոր մոտ, ասի` կարող է մի հատ էլ գցեն, իմ ախպերն անօգնական է, էտ պահին ձեռքեր չուներ, ինքը չէր կարող իրեն օգնել, չէր խոսում: Ես իմ գլուխը դրել եմ ախպորս դոշին, զգացել եմ, որ շնչում է, ու օգնությում եմ ես կանչել»:

Վարազդատը հիշում է՝ հիմնականում օդուժն է աշխատել, վիրավորումներն էլ կասետային ռումբերից ու ԱԹՍ-ների են եղել, օրինակ բերեց իր դեպքը. «Սկոռու հետևն էի կանգնած, սամալյոտը որ աշխատեց, հիմնական սկոռու վրա էր ուզում գցեր սնարյադը, բայց չստացվեց, մի քիչ հեռու որ ընկավ, էտ վալնան սկոռու մեջով եկավ արդեն, ձեռքերս միանգամից բան արեց էտ պահին»:

Մեղադրանքները՝ եթե պատերազմը շուտ կանգնեցվեր, ապա զոհերի թիվն ավելի քիչ կլիներ, եղբայրները տեղին են համարում, բայց կարծում են, որ ստեղծված իրավիճակում եռակողմ հայտարարության ստորագրումը հազարավոր զինվորների կյանքեր է փրկել. «Հիմա էն ժամանակ էլ եթե կանգնացներ կռիվը, հողերը տար, պիտի էտ ժամանակ էլ կանգնեին, ասեին` ինչի՞ համար սենց արեցիք»:

«Հազարավոր մարդիկ, զինվորներ, մեր եղբայրները, զինակից ընկերները հեռու իրանցից չէին գա: Ներքին քաղաքական պատերազմ ոնց որ լինի, սահմանում թուրքերն են, ներսից էլ ժողովուրդն է ելել իրար դեմ, չի կարելի, մի քիչ էն չի: Մենք, այդ ամեն ինչը տենալով, եկել, հասել ենք էստեղ, հիմա նստում ենք, տեսնում ենք հեռուստացույցով այդ ամենը, մի քիչ սիրուն չի», - ասում են եղբայրները:

Վարդանը դեռ ձեռնափայտով է քայլում, նոր է ամուսնացել, ասում է՝ ձեռնափայտը վայր դնելուն պես շարունակելու է իր ծառայությունը։ Պրոթեզների հարցը լուծելուց հետո Վարազդատը նույնպես պատրաստ է ծառայության վերադառնալ, այս պահին մտածում է նախ բուժումը շարունակելու, հետո աշխատանք գտնելու մասին, որ կարողանա ընտանիքը պահել։ Մի քանի օրից սիրած աղջկա հետ հարաբերություններն օրինականացնելու համար ոսկե մատանիով նրանց տուն են գնալու. «Ես 17 թվականից շփվում եմ մի աղջկա հետ, ու էս ամեն ինչից հետո էլի ինքն իմ կողքը կանգնած է: Ճիշտ է` նշանադրություն չի լինելու կիրակի օրը, բայց որ ասում են բեհ դնել, գնում եմ` մատանի դնեմ»:

Պատերազմի օրերին տարբեր կարգի հաշմանդամություն ձեռք բերած եղբայրները ոչ մի դժգոհություն չհայտնեցին։ Հարցազրույցից հետո՝ չնկարահանվելու պայմանով, նրանց մայրն ասաց՝ որդիները երբեք չեն բարձրաձայնի, որ օրինակ՝ դեղերը շատ թանկ են, երբեմն դրանք գնել չեն կարողանում, որ հաճախ մի քանի բուժաշխատողների կոպիտ վերաբերմունքից իրենց վատ են զգացել, բայց լռել են, որ այս պահին ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն և այլն։