Մատչելիության հղումներ

Պատերազմից հետո 31 հազար արցախցի անտուն է մնացել


31 հազար արցախցի անտուն է մնացել արցախյան պատերազմից հետո, նրանց բնակավայրերն անցել են Ադրբեջանի հսկողության տակ. այդ 121 համայնքներում ապրում էր 8 հազար ընտանիք:

Արցախի ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը վերջին օրերին արցախի երևանյան շտաբում էր՝ տրամադրությունները շոշափել ու ասում է՝ Արցախ վերադառնալ ոչ բոլորն են ուզում. հարցումներ են արել քաշաթաղցիների շրջանում: «13 հազարից մոտ 30 մեր հայրենակիցներ են ցանկություն հայտնել նորից ապրելու Արցախում», - ասաց Թովմասյանը:

Պատերազմի հետևանքով արցախից հեռացել է ընդհանուր առմամբ 100 հազար քաղաքացի, 31 հազարն անօթևան է, 40 հազարն արդեն վերադարձել է, իսկ 29 հազար արցախցի պարզապես չի շտապում վերադառնալ։ «Հիմա դանդաղել է վերադարձը, օրը մոտավորապես վերադառնում է 150-200 մարդ»​, - նշեց Արթուր Թովմասյանը:

Արցախի խորհրդարանի ղեկավարն ասաց՝ երեկ կառավարությունում փոխվարչապետ Գրիգորյանի հետ քննարկմանը խնդիրներն է ներկայացրել՝ տուն կորցրած մարդիկ փոխհատուցում են ուզում, Հայաստանի գյուղերում տուն ու հող, երիտասարդները դեմ չեն սահմանամերձ համայնքներում պայմանագրային զինծառայության անցնել: Գլխավորն այս պահին մնում է կացարանների հարցը նրանց համար, ովքեր շտապում են վերադառնալ Արցախ:

«Քննարկումներն արդեն ընթանում են և ինչպես հասկանում եք՝ առջևում ձմեռ է, շինարարական աշխատանքները ձմռանը բարդանում են, հնարավոր չի լինում, հետևաբար թեկուզ ժամանակավոր լուծման մոդելն արդեն քննարկվում է, իմ ձեռքի տակ երկու առաջարկ կա, որոնք նույնպես նախագահին կներկայացնեմ, շուտով կխոսենք», - ասաց ​ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Թանդիլյանը շեշտում է՝ ռուսական կողմի հետ 8 հազար բնակարանի կառուցման ծրագիր է քննարկվում, սակայն այն այս պահին դեռևս հաստատված չէ: Բնակավայր ու ապրելու տեղ կորցրած ավելի քան 30 հազար արցախցիներից 12 հազարն արդեն արցախում են, տարբեր կացարաններում են տեղավորվել:

«Հիմնականում ուզում են Ստեփանակերտում ապրել​, իսկ այստեղ բոլորին տեղավորել հնարավոր չի լինելու: Մյուս կողմից ոչ բոլոր ստեփանակերտցիներն են վերադարձել կամ նրանք, ում տունը մեր վերահսկողության տակ է, այդ տները որոշ դեպքերում նաև բնակեցված չեն», - ասաց նա:

Գործում է բնակարանային վարձի փոխհատուցման ծրագիր. Արցախում՝ յուրաքանչյուր քաղաքացու համար 45 հազար, Հայաստանում 30 հազար դրամ կստանան բնակարանն արցախցիներին տրամադրողները։ Հետպատերազմական հումանիտար այս աղետը մեղմելու սոցիալական աջակցության փաթեթում՝ 300 հազարական դրամի ծրագիրն է՝ բնակավայր կորցրած արցախցիների համար, 250 հազար կստանան այն համայնքների բնակիչները, որոնց տներն ուղղակի ապրելու ենթակա չեն։ Նախարար Թանդիլյանը շեշտում է՝ աղքատության խորացման վտանգ, իհարկե, կա:

«Մեր գերատեսչությունը հագուստի, տաք պարագաների, վերմակների նման ծրագիր է իրականացնում: Օրինակ՝ վարչական շրջանները, քաղաքապետարանը, տարբեր վարչական շրջաններ նաև սննդի տրամադրման ծրագիր են իրականացրել: Էկոնոմիկայի նախարարությունը կահույքի, որոշակի տեխնիկայի ծրագիր է իրականացրել», - ընդգծեց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար​ը:

Մանե Թանդիլյանն այս բարդ իրավիճակում Արցախի սոցապ նախարարի պաշտոնն ստանձնեց 10 օր առաջ. ասում է՝ խնդիր է նաև այն, որ մասամբ կաթվածահար են սոցիալական տարածքային ծառայությունները, դրանք Ադրբեջանի հսկողության տակ են անցել, ղեկավարները արցախից հեռացել են: Համակարգման մեծ աշխատանք կա, շեշտում է Թանդիլյանը, սակայն ըստ նրա՝ այս փուլում առաջնայինը մարդկանց ամենահրատապ հոգսերը հոգալն է:

«Երբ որ արդեն բնականոն հունը կապահովենք և մեխանիզմներ ներդրած կլինենք, որ քաղաքացիները կկարողանան արդեն սահուն կերպով օգտվել իրենց հասանելիք բոլոր ծառայություններից, և մենք կկարողանանք բնականոն կյանքի վերադառնալ, կհամարեմ, որ առնվազն այդքանով որոշակի աշխատանքները հաջողված են», - ասաց Մանե Թանդիլյանը:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG