7-րդ պաշտպանական շրջանի՝ հայտնի «Եղնիկներ»-ի հրամանատարներից ավագ լեյտենանտ Գալուստ Պապյանը ցույց է տալիս դիրքը, որից ոչ մի սանտիմետր չեն նահանջել։ Հարցի մեջ պարտություն բառը լսելիս վրդովվում է, համաձայն չէ նման պնդումների հետ։
«Ես չեմ մտածում, որ մենք պարտվել ենք ու մեր զինվորներից ոչ մեկ այդ տրամադրվածությունը, էդ հոգեբանությունը չունի, որովհետև եթե նայենք ուժերի հարաբերակցությանը, մենք կռվել ենք մեզանից 10 անգամ, 100 անգամ շատ զորքի ու տեխնիկայի դեմ: Մենակ էն, որ մենք կարողացել ենք պատերազմը կանգնեցնենք, հարձակումը կասեցնենք, իրանց համար թող բան լինի, որ մի քանի երկրներով չկարողացան մի փոքր Արցախի դեմ պատերազմեն», - նշեց լեյտենանտը:
Միասնականության կոչ։ Հենց սա է ամենաշատը հնչում բարձր ու հակառակորդի համար անհասանելի դիրքից. «Էդ փաստաթուղթը, որ չստորագրվեր, էս, ինչ որ հիմա տեսնում եք, էլ ոչ մեկի ստեղ չէիք տեսնի»:
Դիրքերի դժվարանցանելի ճանապարհը շարունակեցինք հրամանատարի՝ գնդապետ Կարեն Ջալավյանի մեքենայով։ Բեկորային բազմաթիվ վնասվածքի հետքերից հասկանում ենք՝ մեքենան պատերազմի ամենաթեժ կետերում է եղել։
Ինքը հրամանատարը հարցազրույց չի տալիս։ Այս պատերազմում Արցախի հերոսի կոչում ստացած գնդապետն ասում է՝ չի կարող խոսել հերոսության մասին, երբ ամեն ինչ այսպես է ավարտվել։ Ջալավյանը չի խոսում, բայց Արցախում շատերը գիտեն՝ ինչ էր նշանակում Արցախի նախագահի հայտարարությունը, թե « Եղնիկներ»-ը զբաղեցրել են ռազմավարական կարևոր կետեր և հակառակորդին պատճառել են մեծ թվով կորուստներ»:
«Եղնիկներ»-ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանի ենթակայության գումարտակի պաշտպանական շրջանում է եղել հայտնի գործողությունը։ Մեծ հանգստությամբ է պատմում գործողության մասին, որտեղ ուժերի հարաբերակցությունը եղել է մեկը յոթի՝ հօգուտ ադրբեջանցիների։ «Տեսել էինք՝ գալիս էին, անցել էին մեր հատված, մենք էլ թույլ տվեցինք, եկան ընկան շրջափակման մեջ, հետո ուղիղ դիմահար հարվածով ոչնչացրինք: Ոչ մեկ կենդանի չգնաց, ով էլ կար, թե անգամ հետ է փախել, տեղ չի հասել, մնացել է այդ ձորերում», - պատմեց Բազիկյանը:
Հարձակումներ հետ մղելու, նպաստավոր բնագծեր զբաղեցնելու ընթացքում հայկական կողմի ձեռքի տակ են հայտնվել կարևորագույն փաստաթղթեր և երկու ռազմագերի:
Հրամկազմը հաճախ է կրկնում՝ այստեղ հերոս են բոլորը, լեգենդար «Եղնիկներ»-ը ոչ թե տեղանքն ու զորամասն է, այլ կռիվ տված ու դիրքը չլքած ամեն մի զինվորը։ Սերժանտ Ուստյանը սեպտեմբերի 29 -ի գիշերը հակառակորդի հարձակման հետևանքով երեք մարտական ընկեր է կորցրել, 9 վիրավոր են ունեցել, բայց նահանջի մասին չեն մտածել, պահել են իրենց դիրքը:
«Առաջին կրակը, որ կրակել է, նա մեր դասակի հրամանատարն է եղել, ինքն է հասկացել, որ գալիս են ու դրանից հետո արդեն բացազատվել ենք, որ սկսել մարտը վարելը: Դրանից 15-20 րոպե հետո խփել են դասակի հրամանատարին, դրանից հետո էն մտքով ենք կռվել, որ նախ մեր դիրքն է, երկրորդն էլ, որ մեր դասակի հրամանատարն ու այդքան զոհված անձնակազմը...., չենք թողնելու հակառակորդն իր ոտքը դնի մեր ընկերների արյան վրա ու էդ մտքով պահել ենք մեր դիրքը: Իրանք մոտ 200 հոգի եղել են, մենք՝ 9 հոգով», - ասաց Ուստյանը:
Մեկ ամիս շարունակ՝ րոպեում 70-90 արկ. հենց այս ինտենսիվությամբ է հարվածել ադրբեջանական կողմը Եղնիկների դիրքերին։
Այսօր արդեն պատերազմի առաջին օրը դիրքեր բարձրացած ու դեռ դիրքերից չիջած ժամկետայինները կյանքի ու մահվան կռվի մասին հանգստությամբ ու ժպիտով են պատմում. «Ամսի 27-ին՝ առավոտյան ժամը 8-ին, երբ սկսվեց օդային հարձակումն, այդ ժամանակ նոր ոտքով բարձրացանք մարտական դիրքեր, որովհետև արդեն «Կամազ»-ներով հնարավոր չէր, դիտարկվում էինք թռչող սարքերի կողմից: Անտառի մեջով բարձրացել ենք մարտական դիրքեր ու սկսել ենք պաշտպանվել օդային հարձակումներից»:
Հայտնի զորամասը էլ նախկին տեսքը չունի։ Պատերազմի հետքերը ամենուր են։ Անկախ կոչումից ու դիրքից հիմա յուրաքանչյուրը զբաղված է զորամասի վերականգնման աշխատանքներով, ով ինչով և ինչպես կարող է օգնում է։ Արձակուրդի գնացած առաջին խումբը վերադարձին զորամասը ավելի լավ վիճակում գտավ, վստահ են՝ մյուս խմբի վերադարձին էլ ավելի լավ է լինելու։