France-Presse-ի վկայությամբ՝ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը Փոմփեոյի և Չավուշօղլուի միջև տեղի է ունեցել թեժ վեճ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների՝ երեքշաբթի օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի միջև վիճաբանության վերաբերյալ։

Նախօրեին միջազգային լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ այդ հավաքի ժամանակ Փոմփեոն սուր քննադատություն է հնչեցրել Թուրքիայի հասցեին, մինչդեռ ինչպես France-Presse գործակալությունն է պատմում տեղի ունեցածի մասին` վկայակոչելով իր աղբյուրները, դիվանագետների միջև տեղի է ունեցել թեժ վեճ, Փոմփեոն և Չավուշօղլուն կոշտ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին։

Վաշինգտոնը Անկարային քննադատում է ՆԱՏՕ -ի կազմում դաշնակից Հունաստանի ջրային տարածքներում ապակայունացնող քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար, գրում է France-Presse-ը։

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային նաև մեղադրել է ՆԱՏՕ-ի մրցակից Ռուսաստանի շահերին ծառայելու համար, քանի որ Անկարան, անտեսելով դաշնակիցների դիմադրությունը, ռուսաստանյան հակահրթիռային համակարգեր է գնել։ Փոմփեոն Անկարային հորդորել է իրեն դաշնակցի պես պահել, վերջինին մեղադրելով նաև կենսական կարևորություն ունեցող բարեփոխումներին ուղղված ջանքերը տապալելու համար։

Reuters լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ Մայք Փոմփեոն արտգործնախարարների համար արտասովոր այդ հանդիպմանը շեշտել է, որ Թուրքիան հանդես է գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքների և գործողությունների դեմ ՝ այդկերպ խարխլելով դրա միասնականությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին է կշտամբել Վաշինգտոնին՝ ափսոսանք հայտնելով, թե Միացյալ Նահանգները «Թուրքիայի դեմ է գործել», աջակցել Հունաստանի և Կիպրոսի «առավելապաշտական դիրքորոշումներին» և «ահաբեկչական կազմակերպություններին»։

Բացի այդ, Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Լիբիայում Ֆրանսիայի դիրքորոշումն է ամենամեծ սպառնալիքը Հյուսիսատլանտյան դաշինքի միասնականությանը։

Թուրք նախարարը, ինչպես նշում է Reuters-ը, իր ելույթն ավարտել է ակնհայտորեն ջղաձգված՝ հայտարարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ, կողմնակալ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ։

Ամերիկյան Politico-ի համաձայն՝ հեռավար այդ հանդիպմանը մասնակցող նախարարներից ոմանք, այդ թվում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, սատարում էին Փոմփեոյին, և ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Անկարան կարծես մեկուսացված էր դաշինքի տասնյակ անդամներից։

Թուրքիայի մասնակցությամբ Հունաստանում, Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին անցած շաբաթ Եվրախորհրդարանը հատուկ բանաձև է ընդունել, որը Եվրամիության անդամ երկրներին կոչ է անում ցավոտ պատժամիջոցներ ընդունել Անկարայի դեմ՝ Էրդողանի վարչակազմի ապօրինի գործողությունների համար։ Եվրամիության անդամ երկրների ղեկավարների դեկտեմբերի 10-ին մեկնարկող գագաթնաժողովի գլխավոր թեման, ըստ միջազգային լրատվամիջոցների, հենց Թուրքիան է և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Դաշինքի առաջատար անդամներից Ֆրանսիան դեռևս շաբաթներ առաջ է սկսել Թուրքիայի դեմ պատժամիջոցների անհրաժեշտության մասին խոսել։ Reuters-ի փոխանցմամբ` Փարիզում պնդում են, որ Թուրքիան անտեսել է հոկտեմբերի 1-ին Եվրամիության ղեկավարների կողմից հնչեցված զգուշացումները, որոնք վերաբերում էին Միջերկրական ծովի արևելյան հատվածում հայտնաբերված գազի պաշարների շուրջ վեճին։ Գործակալության տվյալներով՝ Փարիզը փորձում է հասնել առանց այդ էլ խոցելի վիճակում հայտնված թուրքական տնտեսության թիրախավորմանը՝ պատժամիջոցներ սահմանելով մասնավորապես էներգետիկ և բանկային ոլորտների դեմ։