Անկարայի զայրույթը հարուցած թուրքական բեռնատար նավի խուզարկությունը գերմանացի զինվորականների կողմից լիովին հիմնավորված էր, այս մասին գրում է գերմանական dpa գործակալությունը` վկայակոչելով Եվրամիության գաղտնի մի փաստաթուղթ։ Դրանում, ըստ լրատվամիջոցի, նշված է, որ Թուրքիայից Լիբիա ուղևորվող այդ նավով հյուսիսաֆրիկյան պետություն զենք էր տեղափոխվում, ինչի մասին դեռ ավելի վաղ ՄԱԿ-ի փորձագետները հատուկ զեկույց էին նախապատրաստել՝ հիմնվելով հետախուզական տվյալների վրա։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթասկզբին։ Միջերկրական ծովում` լիբիական Բենգազի քաղաքից շուրջ 200 կիլոմետր հեռավորության վրա, գերմանական «Համբուրգ» ռազմանավի անձնակազմը, կասկածներ ունենալով, որ թուրքական դրոշի ներքո նավարկող Rosaline A բեռնատար նավով զենք է տեղափոխվում, խուզարկություն է նախաձեռնել: Խուզարկությունը քիչ անց, սակայն, ընդհատվել է այն բանից հետո, երբ Անկարան շտապ կարգով բողոք է հղել ԵՄ կառույցներին՝ պահանջելով օտարերկրյա զինվորականներին հեռացնել իրեն պատկանող նավից։ Անկարայի գնահատմամբ` խուզարկությունն անօրինական էր։
Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ- Կարենբաուերի պնդմամբ` մինչդեռ «բունդեսվերի զինվորները իրենց միանգամայն կոռեկտ են դրսևորել»։ «Նրանք արել էին այն, ինչ իրենցից պահանջվում է «Իրին» եվրոպական մանդատի շրջանակներում»,-հավելել է գերմանական ռազմական գերատեսչության ղեկավարը։ «Իրին» առաքելության նպատակն է Լիբիայում շարունակվող քաղաքացիական պատերազմում ներգրավված հակամարտող կողմերին սպառազինության մատակարարումների կանխումը։
Միջերկրական ծովում Թուրքիայի մասնակցությամբ հերթական այս միջադեպի ֆոնին նախօրեին Եվրախորհրդարանը հատուկ բանաձև է ընդունել, որը Եվրամիության անդամ երկրներին կոչ է անում կոշտ պատժամիջոցներ ընդունել Թուրքիայի դեմ ինչպես Միջերկրականի տարածաշրջանում, այնպես էլ այլ շրջաններում` Էրդողանի վարչակազմի ապօրինի գործողությունների համար։
Փաստաթղթում եվրոպացի պատգամավորներն անդրադառնում են Կիպրոսի գրավյալ մասում գտնվող Ֆամագուստայի շրջանում Վարոշա նախկին առողջարանային գոտին «բացելու» Թուրքիայի որոշմանը՝ պնդելով, որ այդ քայլերը խաթարում են Կիպրոսի խնդրի համապարփակ լուծման հեռանկարները:
«Քանի որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում եվրոպական արժեքներից ու չափանիշներից, ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները գտնվում են պատմական հնարավոր ամենացածր մակարդակում: Արևելյան Միջերկրական ծովում նրա անօրինական և միակողմանի ռազմական գործողությունը ոտնձգություն է կատարում ԵՄ անդամ երկրների՝ Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխանության նկատմամբ»,- նաև ասվում է բանաձևում։
Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները շեշտում են, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են ոչ միայն Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրայում Անկարայի գործողությունների պատճառով, այլ նաև «ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության» պատճառով։
Եվրախորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ հերթական կոշտ բանաձևը ընդունում է Եվրամիության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին։ Հաղորդվում է, որ դեկտեմբերի 10-ին մեկնարկող երկօրյա հավաքի գլխավոր թեման հենց Թուրքիան է և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։
Դաշինքի առաջատար անդամներից Ֆրանսիան, որը Թուրքիայի հետ խորը տարաձայնություններ ունի նաև մի շարք այլ հարցերում, դեռևս շաբաթներ առաջ է սկսել Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին խոսել։ «Ռոյթերզի» փոխանցմամբ` Փարիզում պնդում են, որ Թուրքիան անտեսել է հոկտեմբերի 1-ին Եվրամիության ղեկավարների կողմից հնչեցված զգուշացումները, որ վերաբերում էին Միջերկրական ծովի արևելյան հատվածում հայտնաբերված գազի պաշարների շուրջ վեճին։ Գործակալության տվյալներով՝ Փարիզը փորձում է հասնել առանց այդ էլ խոցելի վիճակում հայտնված թուրքական տնտեսության թիրախավորմանը՝ պատժամիջոցներ սահմանել մասնավորապես էներգետիկ և բանկային ոլորտների դեմ։
«Թուրքիան գիտի, թե ինչ պետք է անի»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-ԻՎ լե Դրիանը` շարունակելով. «Առճակատում կամ համագործակցություն․ որոշողն իրենք են»:
Արևմտյան աղբյուրները նկատում են, որ շաբաթներ առաջ գուցե անհնար լիներ Եվրամիության անդամ պետությունների շրջանում կոնսենսուսի հասնել Անկարայի դեմ պատժամիջոցների հարցում` հաշվի առնելով, որ այդ երկիրը ԵՄ մի շարք առաջատար պետությունների համար գլխավոր առևտրային գործընկերներից մեկն է։ Սակայն այս պահին, երբ Անկարան բացահայտ առճակատման է գնում դաշինքի առանցքային անդամների՝ Ֆրանսիայի, Գերմանայի հետ, առաջիկայում պատժամիջոցներ ընդունելու հավանականությունը մեծ է։