Ֆրանսիացի պաշտոնյաների և դիվանագետների խոսքով՝ արդեն հաջորդ ամիս պաշտոնական Փարիզը ԵՄ շրջանակներում ակտիվորեն քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս պահին Ֆրանսիայից բացի, Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառման օգտին հանդես են գալիս նաև Հունաստանն ու Կիպրոսը։
«Փարիզում պնդում են, որ Թուրքիան անտեսել է հոկտեմբերի 1-ին ԵՄ ղեկավարների կողմից հնչեցված զգուշացումները, որ վերաբերում էին Միջերկրական ծովի արևելյան հատվածում հայտնաբերված գազի պաշարների շուրջ վեճին», - գրում է Reuters-ը՝ հիշեցնելով նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե-Դրիանի այս շաբաթ հնչեցրած խոսքերը, - «Թուրքիան գիտի, թե ինչ պետք է անի։ Համագործակցություն, թե հակամարտություն՝ դա իրենք պետք է որոշեն»: