Ի աջակցություն գերեվարված և անհետ կորած զինվորականների երթի մասնակիցները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

Մշակութային գործիչներն ի աջակցություն գերեվարված և անհետ կորած զինվորականների այսօր երթ էին կազմակերպել դեպի Ռուսաստանի դեսպանատուն՝ հորդորելով զբաղվել Ադրբեջանում գտնվող զինծառայողների վերադարձի հարցերով։

Գործիչներն ընդգծում են, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունում գերիների, դիերի փոխանակման մասին կետ կա, սակայն այն դեռևս չի իրագործվել: Ըստ բողոքի ցույցերը կազմակերպող մշակութային գործիչների` ադրբեջանական կողմը խոչընդոտում է այդ գործընթացին, զոհվածների դիերի փոխանակումն էլ դանդաղ է ընթանում։ Երթի մասնակիցներն այս բովանդակությամբ նամակ հանձնեցին Ռուսաստանի դեսպանատուն:

Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ նամակը կընթերցեն և կպատասխանեն իրենց. «Ես կարծում եմ, որ պետք է շարունակել, շարունակել գնալ մյուս դեսպանատները, մանավանդ Մինսկի խմբի համանախագահող երկրների: Այսօր Ռուսաստանն է, կլինեն նաև Միացյալ Նահանգներն և Ֆրանսիան: Բնականաբար, կարծում եմ, որ բոլորս նաև կանցնենք այն միջազգային կազմակերպություններ, որոնք այսօր կոչված են զբաղվել այս հարցով, և Անվտանգության խորհրդի մարմնին անպայման, նաև այս ցանցի մեջ կլինեն Անգլիայի և Չինաստանի դեսպանատները»:

Թոխատյանի խոսքով՝ մշակութային գործիչներն իրենց քայլերը փորձում են համաձայնեցնել գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ, որոնք ըստ դերասանի` լավ են աշխատում. «Մենք զրուցել ենք, և նրանք տանում են շատ լավ աշխատանք, փորձում ենք նաև մեր քայլերը համապատասխանեցնել իրենց հետ, որպեսզի վնաս չտանք, որպեսզի հանկարծ մենք չանենք մի բան, որը կարող է աշխատել ի վնաս մեր տղաների, ում համար մենք փորձում ենք պայքարել»:

Հրանտ Թոխատյանը խնդրում է չքաղաքականացնել մշակութային գործիչների բողոքի ակցիաները՝ շեշտելով, որ հարթակը բաց է, կարող են ելույթ ունենալ բոլոր ցանկացողները. «Մեզանից յուրաքանչյուրն ունի իր մտածելակերպը, այսօր դա որևէ նշանակություն չունի, գոնե այս ակցիայի համար, որը սկսել ենք մենք, որևէ նշանակություն չունի: Նշանակություն ունի միայն այն հարցը, որի շուրջ մենք հավաքել ենք»:

Վերջին օրերին պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում նաև անհետ կորած զինծառայողների և գերեվարվածների հարազատները, նրանց ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ գերիների, անհետ կորածների և հնարավոր պատսպարվածների խնդիրն այժմ ամենակարևորն է, որը պետք է շուտափույթ լուծվի։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը տեսնում է, որ այս հարցի ձգձգումը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի ներսում հակադրությունը խորանա, նույնիսկ ներսում բախումներ սկսվեն։

«Մեր զինվորների հարազատներ, սիրելինե՛ր, այս պայմաններում նրանք կարագացնե՞ն գերիների, անհետ կորածների հարցի լուծումը: Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ կերկարաձգեն, ինչքան հնարավոր է, ձեռքերը շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի:

Շատ ճիշտ հարց կտաք՝ բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք: Պայքարենք անպայման, պայքարենք ավելի ուժեղ, բայց ոչ թե իրար դեմ, այլ միասին: Հանուն հարցի լուծման: Հարցի լուծումը կարագանա միայն մի պարագայում. եթե բոլորը հասկանան, որ այս հարցի շուրջ ներքին բախումներ չեն լինելու:

Ով ինչում է մեղավոր և ինչ պատասխանատվություն պետք է կրի, անպայման կպարզվի, կյանքի կկոչվի: Բայց հիմա պետք է կենտրոնանալ հարցի լուծման համար միասին, ոչ թե իրար դեմ պայքարելու վրա»,- գրել է Փաշինյանը։

Խնդրին անդրադարձել նաև խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնելով, որ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինս` որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, քայլեր ձեռնարկի ռազմագերիների փոխանակման ուղղությամբ. «Որ ռազմագերիների փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով սկսվի լուծվել: Ինչո՞ւ, որովհետև տեսեք` մենք Բերձորից դուրս գալու, Քարվաճառից դուրս գալու վերջնակաժամկետներ ունենք, սակայն գերիների փոխանակման համար որևէ վերջնաժամկետ չունենք: Եվ նաև մեր հույսն այն է, որ այս երրորդ քայլով Ռուսաստանի նախագահին դիմելու, նրա միջնորդությամբ և ջանքերով գերիների փոխանակման հարցն արագացնենք և մեր ընտանիքներին վերադարձնենք բոլոր այն ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ովքեր գտնվում են Ադրբեջանում հիմա»:

Մարուքյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցերով դիմել են նաև միջազգային կազմակերպություններին։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տվյալներով` Ադրբեջանում մոտ 50-60 հայ ռազմագերի կա, սակայն պաշտոնական թվեր երկու կողմն էլ մինչ այս պահը չեն հրապարակել։