Թրամփը հեռանում է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես հայտարարեց, որ դուրս կգա Սպիտակ տնից, երբ ընտրական կոլեգիան քվեարկի դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի օգտին, այսինքն` պաշտոնապես հաստատվի նրա հաղթանակը։ Այս մասին Թրամփն ասել է` պատասխանելով լրագրողի հարցին:

«Իհակե, ես կգնամ, իհարկե և կարծում եմ` դուք գիտեք այդ մասին», - ասել է Թրամփը` հավելելով, թե մինչև հունվարի 20-ը շատ բան տեղի կունենա։

Դեկտեմբերի 14-ին ընտրիչների քվեարկությամբ ամփոփվելու են նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ հունվարի 20-ին Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը ստանձնելու է պաշտոնը։

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ ընտրիչների առնվազն 270 քվե. նախկին փոխնախագահ, դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենը 306 ձայն է ստացել, իսկ Դոնալդ Թրամփը` 232։ Ընտրողների քվեների պարզ հաշվարկով ևս Բայդենը Թրամփից առաջ է անցել ավելի քան վեց միլիոն ձայնով:

Թրամփը մինչև հիմա հրաժարվում էր ընդունել իր պարտությունը, չի շնորհավորել մրցակցին, միաժամանակ չհիմնավորված հայտարարություններ էր անում, թե ընտրությունները կեղծվել են։ Նրա թիմը մի շարք նահանգներում դատական հայցեր էր ներկայացրել` վիճարկելով քվեարկության արդյունքները։ Սակայն դատարանները հայցերից մի քանիսն արդեն մերժել են։

Երեկ Գոհաբանության տոնի առթիվ ավանդական ուղերձից հետո Թրամփը Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներին ասել է, թե շատ դժվար բան է զիջելը։ Նա չի ասել, թե արդյոք կմասնակցի Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունենալու հունվարի 20-ին։

Այս շաբաթվա սկզբին Թրամփն ասել է, որ ընդհանուր ծառայությունների գործակալությունը կարող է կատարել անցումային ժամանակաշրջանում օրենքով նախատեսված ընթացակարգային գործողություններ։ Սա, ըստ էության, նշանակում է սկսել իշխանության լիազորությունների փոխանցման գործընթացը։ Բայդենը կարող է սկսել իր վարչակազմի ձևավորումը։

Բայդենի թիմը արդեն ուրվագծվում է, հայտնի են առանցքային որոշ պաշտոնների թեկնածուների անունները։ Ակնկալվում է, որ պետքարտուղարի պաշտոնում առաջադրվելու է արտաքին հարաբերությունների հարցերով Բայդենի խորհրդական Էնթոնի Բլինքենի թեկնածությունը։ Ազգային անվտանգության խորհրդականի թեկնածուն Ջեյք Սալիվանն է։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն սևամորթ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն է։ Ֆինանսների նախարարի պաշտոնը Բայդենը մտադիր է վստահել Կենտրոնական բանկի նախկին նախագահ Ջանեթ Ելենին։ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում դիտարկվում է Թոմ Դանիլոնի թեկնածությունը։ Նա փորձառու դիվանագետ է, նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր։

Օբամայի իշխանության ժամանակ փոխնախագահ Բայդենը իր թիմում ընդգրկում է փորձառու մի շարք պաշտոնյաների, ում հետ նախկինում աշխատել են. պետքարտուղարի, Կենտրոնական հետախուզական վարչության, Ազգային հետախուզության տնօրենի թեկնածուները Օմաբայի վարչակազմից են։ Ազգային հետախուզության տնօրենի թեկնածու Ավրիլ Հեյնեսը Օբամայի ժամանակ Կենտրոնական հետախուզական վարչության պետի նախկին տեղակալն էր։

Նախատեսվում է նաև ուշագրավ նշանակում՝ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին լինելու է կլիմայի հարցերով հատուկ բանագնաց։ Սա նշանակում է, որ ի տարբերություն Թրամփի` նոր վարչակազմը մտադիր է շատ լուրջ վերաբերվել շրջակա միջավայրի խնդիրներին։