Ավանդաբար հանրապետականների օգտին քվեարկող Ջորջիա նահանգում ԱՄՆ նախագահական ընտրությունների քվեների վերահաշվարկի արդյունքը հաստատեց՝ նոյեմբերի 3-ին Սպիտակ տան ղեկավարի ընտրություններում նահանգի բնակչության մեծամասնությունը նախապատվությունը տվել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին:
«Նահանգը վավերացնում է Բայդենի հաղթանակը», - հայտարարել է Ջորջիայի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսփերգերը։ Նրա խոսքով՝ ձայների վերահաշվարկի արդյունքը շատ մոտ է այն արդյունքին, որի մասին հայտարարվել էր քվեարկության գիշերը:
Ջորջիա նահանգի քարտուղարի կայքում հրապարակված պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում Բայդենը մրցակցից առաջ է անցել 12 հազար 284 քվեով, նրա օգտին քվեարկել է 2 միլիոն 475 հազար 141, հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին՝ 2 միլիոն 462 հազար 857 մարդ։
Մինչ այդ, գործող նախագահ Թրամփը շարունակում է մեղադրանքներ հնչեցնել ընտրություններում, իր բնորոշմամբ, «զանգվածային կեղծիքների» վերաբերյալ։ Քվեարկության արդյունքները վիճարկելու նրա թիմի բոլորը փորձերը, սակայն, դատարաններում մեկը մյուսի ետևից անհաջողության են մատնվում:
Թրամփի թիմի հերթական պարտությունը Արիզոնա նահանգում էր: Այստեղ դատարանը մերժել է հանրապետականների հայցը, որով նրանք պահանջում էին արգելել տեղական իշխանություններին ընտրությունների պաշտոնական արդյունքներով Ջո Բայդենին հռչակել հաղթող: Մինչդեռ Edison Research-ի տվյալներով՝ Արիզոնայում Բայդենը Թրամփին հաղթել է ավելի քան 10 հազար ձայնի առավելությամբ:
Ընտրյալ նախագահ Ջո Բայդենի բնորոշմամբ՝ իր մրցակիցն անպատասխանատվություն է դրսևորում՝ փորձելով վիճարկել քվեարկության արդյունքները։ «Ես կարծում եմ, որ մենք ականատեսն ենք ինչ-որ անհանավանական անպատասխանատվության», - ասել է Բայդենը՝ համոզմունք հայտնելով, որ ի վերջո իրենք հստակ կհասկացնեն, որ հաղթել են. - «Ես վստահ եմ՝ նա գիտի, որ չի հաղթել և չի կարող հաղթել, և հունվարի 20-ին մե՛նք երդում կտանք»:
Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրությունների քվեաթերթիկների մեծամասնությունը հաշվարկված և մշակված է, սակայն վերջնական պաշտոնական արդյունքները կհայտարարվեն առաջիկա շաբաթներին։ Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների ունեցած տվյալներն արդեն նոյեմբերի 7-ին վկայում էին Բայդենի հաղթանակի մասին։ Դեմոկրատների թեկնածուն նույնպես ազգին հղած իր ուղերձում հայտարարել է իր հաղթանակի մասին, ինչին հաջորդում են համաշխարհային առաջնորդների շնորհավորանքները:
Հանրապետական Դոնալդ Թրամփը, ով ընդդիմադիր ճամբարին մեղադրում է մեքենայությունների մեջ , նաև պնդում, թե «գողացել են» իր հաղթանակը, չի ընդունում պարտությունը։ Նա մի շարք դատական հայցեր է նախաձեռնել քվեարկության արդյունքները վերանայելու նպատակով, սակայն դրանք առայժմ որևէ դրական արդյունք չեն տվել ԱՄՆ 45-րդ նախագահին: