Մատչելիության հղումներ

Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ պետքարտուղարի հավանական թեկնածու


Ջո Բայդենի վարչակազմում պետական դեպարտամենտի հավանական ղեկավար Էնթոնի Բլինքենը, արխիվ:
Ջո Բայդենի վարչակազմում պետական դեպարտամենտի հավանական ղեկավար Էնթոնի Բլինքենը, արխիվ:

Ջո Բայդենը նախընտրական շրջանում հավաստիացրել է, որ իր թիմն ավելի ակտիվ կաշխատի Ղարաբաղի կարգավորման հարցում:

Մինչ ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը համառորեն հրաժարվում է ճանաչել մրցակցի հաղթանակը և շնորհավորել նրան՝ ընտրյալ նախագահ, դեմոկրատական Ջո Բայդենն արդեն սկսում է ձևավորել ապագա վարչակազմը, որը գալիք տարվա հունվարի 20-ից կստանձնի գերտերության ղեկավարումը:

Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավար Ռոն Քլայնը երեկ ասել է, որ երեքշաբթի օրը Բայդենը կհրապարակի Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն իրականացնող կառույցի՝ Պետական դեպարտամենտի ղեկավարի անունը:

Վաշինգթոնում նշում են, որ պետական քարտուղարի պաշտոնում Բայդենը կառաջադրի իր երբեմնի օգնական, փորձառու դիվանագետ Էնթոնի Բլինքենին:

Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի աշխատանքը Բայդենը կվստահի Ջեյք Սելիվանին, ով ժամանակին զբաղեցրել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգնականի պաշտոնը:

Քլայնը գործող նախագահ Թրամփին կոչ է արել չարգելափակել ԱՄՆ ընդհանուր ծառայությունների գործակալության կողմից Բայդենի հաղթանակի ճանաչումը: Այդ հաստատությունն է պաշտոնապես արտոնում պետական տարբեր լծակների և տեղեկատվության տրամադրումը երկրի հաջորդ ղեկավարին, ով այդպես ստանում է նոր թիմ կազմելու հնարավորություն:

Սակայն Թրամփը շարունակում է պնդել, թե չի պարտվել, թե լրագրողները կողմնակալ են: «Մեծ քսանի» հեռավար գագաթնաժողովի՝ կորոնավիրուսին նվիրված քննարկումներին մասնակցելու փոխարեն Թրամփը գերադասել է գոլֆ խաղալ, ինչը զարմացրել ու զայրացրել է նույնիսկ երդվյալ հանրապետականներից շատերին:

Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավար Ռոն Քլայնը հանդիպել է ԱՄՆ ընդհանուր ծառայությունների գործակալության ղեկավար Էմիլի Մերֆիի հետ:

«Ես հուսով եմ, որ գործակալությունը կիրականացնի իր առջև օրենքով դրված խնդիրը», - հայտարարել է Քլայնը և ավելացրել. - «Ռեկորդային թվով ամերիկացիներ մերժել են Թրամփի նախագահությունը, հիմա էլ Թրամփը դեմոկրատիան է մերժում»:

Պետական քարտուղարը Միացյալ Նահանգներում գործադիր իշխանության աստիճանակարգով երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է նախագահից և փոխնախագահից հետո:

Սոսկ տեսականորեն պետքարտուղարը կարող է ստանձնել նախագահի պաշտոնը, եթե այն ի զորու չեն կատարել նախագահը, փոխնախագահը, Ներկայացուցիչների տան խոսնակը և Սենատի նախագահողը: Ուստի, պետքարտուղարն ԱՄՆ-ում ամենաբարձրաստիճան ղեկավարներից մեկն է:

58-ամյա Բլինքենը Բարաք Օբամայի նախագահության օրոք տարբեր ժամանակներում զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնները և միշտ սերտ հարաբերություններ է ունեցել փոխնախագահ Բայդենի հետ:

Եթե Բլինքենն առաջադրվի և ապագայում հաստատվի պետքարտուղարի պաշտոնում, ապա հենց նա կստանձնի Թրամփի չորս տարվա նախագահությունից հետո աշխարհի հետ Ամերիկայի հարաբերությունները վերանայելու և խմբագրելու բարդ առաքելությունը:

Մոլորակի երկրները փորձում են կռահել, թե ինչպիսին կարող է լինել Վաշինգթոնի արտաքին քաղաքականությունը 2021-ի հունվարի 20-ից հետո:

Հայությանը, բնականաբար, հետաքրքրում է Ջո Բայդենի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում:

Բայդենը նախընտրական շրջանում տարբեր առիթներով անդրադարձել է այդ թեմային: Նա խիստ քննադատել է Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը, իսկ Թրամփին նախատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ ջանքեր չգործադրելու համար:

«Սեպտեմբերի 27-ից հետո, երբ սկսվել է պատերազմը, և տարածաշրջանը հայտնվել է հրդեհի մեջ, նախագահ Թրամփը չի զրուցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ», - ասել է Բայդենը՝ նշելով, որ Վաշինգթոնն այդպես դիվանագիտությունը զիջել է Մոսկվային:

Ջո Բայդենը հավաստիացրել է, որ իր վարչակազմը պատրաստ է ավելի ակտիվ աշխատել հանուն Ղարաբաղի խնդրի արդար կարգավորման:

XS
SM
MD
LG