Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը սկսում է կազմել իր թիմը


ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը, Վիլմինգթոն, Դելավերի նահանգ, 23 նոյեմբերի, 2020թ.
ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը, Վիլմինգթոն, Դելավերի նահանգ, 23 նոյեմբերի, 2020թ.

ԱՄՆ ընտրյալ նախագահ, դեմոկրատական Ջո Բայդենը գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի կողմից ստացավ իր վարչակազմի ձևավորումը սկսելու պաշտոնական հնարավորությունը:

Թրամփը բնավ չի ճանաչել պարտությունը և չի շնորհավորել մրցակցին, սակայն ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների գործակալությանը թույլատրել է սկսել իշխանափոխության անցումային աշխատանքը:

ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների գործակալությունը դաշնային անկախ հաստատություն է, որը հաջորդ վարչակազմին տրամադրում է աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ լծակներ և տեղեկատվություն: Գործակալության նպատակն է մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության հանդիսավոր արարողությունը սոսկ կազմակերպական առումով ապահովել հնարավորինս սահուն իշխանափոխություն:

Թրամփը Թվիթերում գրել է, որ «Ընդհանուր ծառայությունների գործակալության ղեկավար Էմիլի Մերֆին և նրա թիմը կարող են անել այն, ինչ նախատեսված է օրենքով սահմանված ընթացակարգերով»: Թրամփը հայտնել է, որ Սպիտակ տան ներկայիս աշխատակազմը պատրաստ է ըստ ամենայնի օգնել Ընդհանուր ծառայությունների գործակալությանը:

Սա նշանակում է, որ Բայդենի թիմը կարող է առաջիկա երկու ամիսների ընթացքում դաշնային իշխանություններից ստանալ անհրաժեշտ ռեսուրսներ գործադիր կառավարումը ստանձնելու համար:

Խոսքը ոչ միայն ֆինանսական և կազմակերպական լծակների, այլև տեղեկատվական ապահովման մասին է, քանի երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտով զբաղվող Պենտագոնը, հետախուզությունը և պատկան այլ կառույցներ ընտրյալ նախագահ Ջո Բայդենին և ընտրյալ փոխնախագահ Քամալա Հարիսին հետայսու կտրամադրեն նույն տեղեկատվությունն ու զեկույցները, որոնք տրամադրվում են գործող նախագահ Դոնալդ Թրամփին և գործող փոխնախագահ Մայք Փենսին:

Բայդենը դաշնային ղեկավարների մակարդակով առաջիկա հանդիպումներում քննարկելու է ազգային անվտանգության և կորոնավիրուսի համավարակի թեմաները:

Բայդենի թիմն արդեն ուրվագծվում է, ընտրյալ նախագահը պետքարտուղարի և ազգային անվտանգության խորհրդականի պաշտոններում առաջադրում է Էնթոնի Բլինքենին և Ջեյք Սալիվանին:

ՄԱԿ-ում հաջորդ տարվանից Միացյալ Նահանգների դեսպանը կլինի սևամորթ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, ով նաև կընդգրկվի Ազգային անվտանգության խորհրդի կազմում:

Նախատեսվում է շատ ուշագրավ ևս մեկ նշանակում՝ Բայդենը Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Ջոն Քերրիին նշանակում է կլիմայի հարցերով հատուկ բանագնաց:

Այդպես Բայդենը նկատել է տալիս, որ ի տարբերություն Թրամփի վարչակազմի` նոր իշխանությունը շատ լուրջ է վերաբերվում շրջակա միջավայրը փրկելու հարցին: Քերրին նույնպես տեղ կստանա ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում:

Շրջադարձային փոփոխության մասին վկայող կադրային ևս մեկ որոշում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ֆինանսների նախարարի պաշտոնը սահմանել են 231 տարի առաջ՝ Secretary of the Treasury: Բառացիորեն կարելի է թարգմանել որպես «գանձարանի քարտուղար»: Այս ընթացքում աշխատել է 77 նախարար, բոլորը՝ տղամարդիկ: Ընտրյալ նախագահ Բայդենը մտադիր է աշխատանքը վստահել ԱՄՆ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Ջանեթ Ելենին:

Սենատորների կողմից հավանություն ստանալու դեպքում Ելենը պետք է առաջնորդի կորոնավիրուսի համավարակի հետևանքով ծանր ճգնաժամի մեջ հայտնված ամերիկյան տնտեսությունը վերականգնելու առաքելությունը:

XS
SM
MD
LG