Արցախցիները շարունակում են վերադառնալ իրենց տներ: Արդեն սահմանային բնակավայր դարձած Ասկերան, հարակից գյուղեր ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր քաղաքացիները շարունակում են վերադառնալ:
«Մինչ պատերազմն Ասկերանի շրջանում ապրում էր մոտավոր 18 հազարից մի քիչ ավելի բնակչություն: Պատերազմի օրերին 50 տոկոսը մոտավոր տեղափոխվել է տարբեր ուղղություններով` հիմնականում Հայաստանի Հանրապետություն, ու հիմա արդեն կարելի է ասել` ամեն ժամ վերադառնում են այդ մարդիկ, - ասում է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանը` նշելով, սակայն, որ այսպիսի խնդիր կա, - պատերազմի հետևանքով ինչպես քաջատեղյակ ենք, 6 համայնք անցել է թշնամու վերահսկողության տակ Ասկերանի շրջանից` Մոշխհմատ, Ավետարանոց, Ակնաղբյուր, Ջրաղացներ, Սղնախ և Մադաթաշեն համայնքները:
6 համայնքները թվով մոտավոր 2300-400 մարդ են, 550 ընտանիք մոտավոր: Հիմա բացի այդ, նաև թշնամու վերահսկողության տակ են անցել եռակողմ համաձայնագրի հիման վրա Ուղտասար և Արմենակավան բնակավայրերը, համայնքները: Մոտավոր 30-40 տոկոսը վերադարձել է, ու հիմնականում խնդիր է առաջացել բնակարաններ, բնակավայրեր կորցրած քաղաքացիների հետ կապված, որովհետև ուսումնասիրել ենք այդ շրջանի ազատ բնակֆոնդը, հիմնականում բնակարան կորցրած մեր հայրենակիցներին մենք պետք է տեղավորենք մեր շրջանում: Բայց ուսումնասիրելով այդ շրջանի ազատ բնակֆոնդի հյուրանոցային համալիրների համարները` պարզ է, որ շատ քիչ է, ասենք, եղած պահանջվող քանակից կարելի է ասել` կրկնակի քիչ է, այդ պատճառով փորձում ենք Հայաստանի Հանրապետությունում պահել այդ մարդկանց այնքան ժամանակ, մինչև տեղում այդ մարդկանց բնակարանային խնդիրները լուծենք»:
Ետ եկած արցախցիները պատմում են. «Վերադարձել ենք մեր հարազատ օջախը: Նախօրոք պատրաստված էր ձմեռային սնունդը, այսպես ասած, և միակ խնդիրը թերևս նա էր, որ ոչ միայն կորցրել ենք տարածքներ, այլ նաև ետ վերադարձրինք ժամանակին ազատագրված հողերը, թերևս ամենամեծ խնդիրը դա է: Մեր ընտանիքը գտնվում էր Սյունիքի մարզում ամսի 28-ից սկսած մինչև վերջին 5 օրերը: Արդեն 5 օր է, որ ընտանիքս գտնվում է հարազատ տանը:
Մինչև ամսի 20-ը ես համարվում էր Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենը, իսկ տիկինը համարվում է Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալը:
Զբաղվում ենք բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, տնամերձ հողատարածքում: Մի քիչ խնդիրը նրանում է կայանում, որ ժամանակին լիարժեք չենք կատարել բերքահավաք»:
Նրա խոսքով` ռազմական գործողությունների սկսվելու ժամանակահատվածը տարածաշրջանի համար նաև բերքահավաքի ամենաակտիվ ժամանակն էր. «44 օրը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում հատկապես բերքահավաքի համար»:
«Ճիշտն ասած` մի քիչ անհանգիստ եմ, երևի դա ժամանակի խնդիր է, այդ պայթյուններից, մի պուճուր թխկոց, համ ես եմ վախենում, և երեխաները, այսինքն` էտ մղձավանձը դեռևս չենք կարողանում հաղթահարել, բայց համոզված եմ` շատ շուտով կհաղթահարենք: Պատրաստվում եմ արդեն գնալ, բարեբախտաբար, այն գյուղը, որտեղ ես աշխատում եմ, իմ հարազատ գյուղը: Բարեբախտաբար, ադրբեջանցիների ձեռքում չէ, և կաշխատեմ, կշարունակեմ աշխատել դպրոցում: Մեր տունը մի քիչ հեռու է քաղաքից, բայց անընդհատ հարցնում եմ` ինչպե՞ս է խանութները, անցուդարձ կա՞ և այլն: Անընդհատ կապի մեջ եմ, իհարկե, հարևաններիս հետ, որ ինչի՞ չեք գալիս, մենակ եմ, եկեք, ամսի 25-ին ներքևի հարևանն է գալու, և մյուս տան հարևանն է գալու իր երեխաներով: Կսկսի կյանքն իր հունով ընթանալ», - ասում է տեղացի կանանցից մյուսը:
Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղում գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի հենակետերից մեկը, մի քանի տեղ կարելի է տեսնել ռուսական դրոշ, զրահատեխնիկա, զինվորներ: Ադրբեջանական դիրքերն այստեղից ուղիղ գծով ընդամենը 2-3 կիլոմետր հեռավորության վրա են այլևս: Գյուղապետի փոխանցմամբ` մարդկանց զգալի մասն արդեն վերադարձել է գյուղ ու լծվել խաղաղ կյանքին. «Իրենք մոտավորապես մեր դիմացն են` մոտ 3-3.5 կիլոմետր` ներքևի այգիների մոտ են, նռան այգիներ կան: Ուղղակի հարցն այն է, որ իրենք մի քիչ հող ունեն էտտեղ, հողի վերևը կանգնել են, բայց էտ հողից ներքև մեզ բավականին հողեր ունենք: Չգիտեմ` ոնց է լինելու էտ հողերի վիճակը, ոնց ենք գնալու էտ հողերը մեր, որովհետև իրենց մոտով պիտի անցնենք»:
Տեղում կանանցից մեկը նշում է` քուն չունի, վախը սրտում ապրում է: