Մարտակերտից հարավ` դեպի Ակնա (Աղդամ) ընկած հատվածում յոթ հայկական գյուղերի բնակիչներին երկու օր ժամանակ են տվել հավաքել իրերը և դուրս գալ տներից։
Նոր Կարմիրավան գյուղի բնակիչներն «Ազատությանն» ասում են` կառավարությունը դեռ ոչինչ չի առաջարկել իրենց. «Հլը ոչ մի բան, գնում ենք Մարտակերտ` առաջին դպրոց, ժողովրդին տեղավորենք մինչև», - ասում է համայնքի ղեկավար Վիտալի Բեջանյանը:
«Իրերն ենք տեղափոխում, տանում ենք Մարտակերտ, էնքան որ տեղավորենք, հետո հլը չգիտենք, ինչ կասեն` էն էլ կանենք: Ընտանիքս Հայաստանում է», - նշում է տեղացիներից մեկը:
Վիտալի Բալաջանյանը պատմում է` երկրորդ անգամ են գյուղը թողնում. «Մեր Կարիրավանը թուրքերի ձեռքն է եղել, հիմա Նոր Կարմիրավան ենք ստեղծել, նորից թողնում ենք»:
Տեղի խանութներից մեկի սեփականատերն էլ նկատում է. «97 թվականին տեղափոխվել եմ Մարտակերտի շրջան, մշակույթի տանն աշխատել, 2006 թվականին տեղափոխվել ստեղ ու էսքանը ստեղծել եմ իմ ու ամուսնուս աշխատանքի շնորհիվ: Ես եկել եմ ընդամենը 3 հոգու շորեր վերցրած, ուրիշ ոչինչ, հիմա սենց թողնում ենք բախտի քմահաճույքին ու գնում: Որպես լոռեցի` ես 17 տարի ապրել եմ Լոռիում, 25 տարի ապրում եմ Ղարաբաղում: Իրոք սիրտս ցավում է Ղարաբաղի համար, ոնց որ իմ երկիրը, իմ հայրենիքը, այ այդպես ես ապրել եմ էստեղ»:
Այսօր` մինչև երեկոյան ժամը 11-ը, մարդիկ պետք է հեռանան իրենց տներից։ Ոմանց համար լուրջ խնդիր է, որովհետև այս օրերին բեռնատար գտնել, որպեսզի իրերդ տեղափոխես, դյուրին չէ։
7 գյուղերից մյուսն էլ Նոր Հայկաջուրն է, որտեղ ևս մարդիկ հավաքում են իրենց իրերը և շատ ժամանակ չունեն, ընդամենը ժամեր. «Մարդիկ 10-15 տարի սպասել են, որ տուն ունենան, ծառ են տնկել, բոստան են աճեցրել, քարը քարին են դրել, էսօր հենց նենց տեղը եթե գրաված լինեին, հա էլի գրավել էին, ասենք, բայց որ սենց սուսուփուս հանում, տալիս են, էտի արդեն ոտնահարություն է: Հլը սաղս անորոշ վիճակում ենք»:
Նոր Մարաղան այս յոթ գյուղերից, կարծես, ամենամեծն է։ Այստեղ մի քանի ավտոբուսներ էին` եկել էին մարդկանց տեղափոխելու. «30 տարվա դրած տունը 2 ժամում կարա՞ս 2 ժամում դուրս բերեմ, խոխա եմ կերցրել, փեսա եմ կերցրել, արդեն ներվահան եմ եղել, չի կարելի»: Մարդիկ կային, որ սպասում էին, թե երբ պետք է մեքենաներ գան, որպեսզի տեղափոխեն իրերը. «Եթե ավտո տան, հանելու ենք, եթե չտան, տունը կվառենք, դուրս կգանք, ուրիշ ձև չունենք: Արդեն 2008 թվից էստեղ ենք: 4 երեխա ունեմ, որից մեծը ինվալիդ ա, սիրտը վիրահատված ա, Երևանից տեղափոխվել ենք էստեղ»:
«Տնից զրվելն արդեն մարդու իրավունքների ոտնահարում է, առավել ևս, որ այս գյուղերի բնակիչները երկրորդ անգամ են գաղթում, տնազրկվում, և իրենք Մարաղայի բնակիչները կամ մնացած գյուղերի բնակիչները արդեն 90-ականներին իրենց տները թողել են, ընդ որում իրենց գյուղերը գտնվում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում սովետական տարիներին: Այստեղ շատ լուրջ խնդիր կա, սակայն պատերազմի իրողությունն է սա, և քանի որ սովետական տարիներին Աղդամի շրջանի մեջ էր գտնվում այս տարածքը, կարծես թե այդ պատճառով էլ դեմարկացիայի սահմաններում, տրամաբանության մեջ այս գյուղերն էլ պետք է դատարկվեն, իսկ թե ինչու է ամսի 17-ին ծանուցվել, տեղյակ չեմ: Կարծում եմ` նախընթաց շրջանում հավանաբար եղել են քննարկումներ, տարբեր բանակցություններ, հավանաբար դրա համար այդ ժամանակ է հստակեցում եղել: Դա պետք է կառավարությունից ճշտել: Այս պահին ժամանակավոր կացարանի հարց է լուծվում, մինչև վերջնականորեն պետությունը, իհարկե, նաև տարբեր հայկական և միջազգային կազմակերպությունների ու ֆոնդերի աջակցությամբ փորձի բոլորի օթևանների հարցը լուծել: Բայց իմ հատուկ ուշադրության ներքո է լինելու այս ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում` կացարանի առումով», - ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: