Մատչելիության հղումներ

350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել վերջին տասը օրում


350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել վերջին տասը օրում, այս մասին տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Աշխատանքներն սկսվել էին Շուշիից, վերջին օրերին ընդլայնվել դեպի Մարտունի, Կարմիր շուկա և Մատաղիսի ուղղություններ:

«Նշված ուղղություններով փոխանակումներն ինքնին չեն նշանակում, որ ադրբեջանական կողմից փոխանցված մարմինները նույն հատվածից են գտնվել. դեպքեր կան, որ այլ հատվածում գտնված մարմինները փոխանցվել են մեզ մեկ այլ հատվածում: Տեղյակ եմ, որ Արցախի ու Հայաստանի պետական մարմինների հատուկ ուշադրության տակ է հարավային ուղղությունը, հուսամ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ այդ առումով ևս շուտով նորություններ կլինեն», - նշել է ՄԻՊ-ը:

Հարավային ուղղությունն ամենացավոտն է: Համացանցը լի է որոնվող զինվորների բազմաթիվ լուսանկարներով: Պաշտպանության նախարարության առջև հավաքվող ծնողների հիմնական մասը որդուց վերջին զանգը Ջաբրայիլից է ստացել: Խաղաղության հաստատումից հետո էլ հարյուրավորների ճակատագիրն անհայտ է մնում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հոկտեմբերի սկզբից զբաղվում է անհայտ կորածների հարցով: Ըստ գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանի՝ 649 հոգի զանգել է իրենց, 582 քաղաքացի դեռ որոնում է իր զինվորին. «Մինչ օրս կազմակերպություն զանգահարել է 649 քաղաքացու հարազատ, իհարկե այդ ընթացքում մենք հետադարձ կապ ենք ունեցել, և այդ թվից մի խումբ` 37 հոգի մեզ տեղեկացրել է, որ գտնվել են այդ անձինք ողջ: Մոտ 30 հոգի գտել է մարմինը: Իհարկե, նաև զանգերը չեն դադարում, մենք ամենօրյա ռեժիմով զանգեր ստանում ենք»:

Ըստ Արցախի օմբուդսմենի՝ անհայտ կորածների որոնողական աշխատանքներում գործի զգալի մասը կախված է ադրբեջանական կողմի կամքից, քանի որ մարտադաշտերի հիմնական մասն այժմ գտնվում է նրանց վերահսկողության տակ, երբեմն՝ խորը թիկունքում. «Հաշվի առնելով այնտեղ տեղի ունեցած մարտերի ծավալները և անհայտ կորած ու զոհված զինծառայողների՝ մնացած ուղղությունների համեմատ մեծ քանակը, ապա ասեմ, որ իմ տեղեկություններով քանիցս պատերազմի ընթացքում փորձ է կատարվել այնտեղից հանել անհայտ կորածներին ու զոհվածների մարմինները, որոշ դեպքերում եղել են հաջողություններ, սակայն ռազմական գործողությունների ինտենսիվության ու ադրբեջանական կողմի հակամարդասիրական դիրքորոշման պատճառով հնարավոր չի եղել շատերին հանել: Իսկ հրադադարից հետո ադրբեջանական կողմը դեռ հնարավորություն չի տալիս, որ հայկական ու միջազգային կողմերը հարավային թևում որոնողական աշխատանքներ իրականացնեն»:

Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանն էլ օրեր առաջ էր տեղեկացրել` Ջաբրայիլից բացի, որոնողական աշխատանքներ հնարավոր չէ կատարել նաև Ֆիզուլիի, Կուբաթլիի, Հադրութի հատվածներում: Գնդապես Ոսկանյանի խոսքով` ադրբեջանական կողմը ոչ միայն այդ տարածքները հասանելի չի դարձնում, այլև որքան հնարավոր է ապատեղեկատվություն տարածելով դժվարացնում է որոնողական աշխատանքը. «Մեծ քանակով ապատեղեկատվություն կա, հսկայական, որը տեսնում ենք, որ հակառակորդի կողմից է: Նաև բազմաթիվ երևի դուք բոլորդ լսել եք զանգեր, երբ որ ծնողը զանգահարում է, և հեռախոսը, որը 30 օր չի աշխատել, հանկարծ սկսում է աշխատել, և խոսում են հայերեն»:

Ոչ անհայտ կորած, ոչ էլ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց հստակ թվեր չկան։ Ըստ Արտակ Բեգլարյանի՝ գերիների վերաբերյալ տեղեկատվություն շարունակում են հավաքագրել, բայց հիմնական աշխատանքը Կարմիր Խաչինն է ադրբեջանական կողմի հետ կապի միջոցով։

Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբաններից Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ այս պահին շուրջ 40 գերիների վերաբերյալ են դիմումներ ներկայացրել Ստրասբուրգի դատարան։ Գերեվարվածներ կան նաև խաղաղ բնակիչներից: Այս շաբաթ ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որտեղ նվաստացնում են Շուշիի խաղաղ բնակչի` Սումգայիթից գաղթած Ջոնիկ Թևոսյանին. կույր ծերունին մարտական գործողությունների ժամանակ էլ Շուշիից չէր հեռացել, նրա ճակատագիրն այժմ անհայտ է, բայց երեք շուշեցիներ սպանվել են խաղաղության հաստատումից հետո քաղաքում:

«Ժամհարյան Էդիկ կար, ինքը խելոք, կիրթ մարդ էր, ուղղակի էս մարդուն ինչքան ասել են` դուրս արի, իր թոռը, կինը, աղջիկը կապվել են, որ դուրս արի, ասել ա` չէ, ենա մերոնք լավ էլ բոյ են տալիս, դուրս չեմ գալիս, դուրս գամ, ի՞նչ անեմ, մերոնք կռվում են, լավ էլ ջարդը տալիս են: Ու էտ մարդուն սպանել են», - պատմում է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Նա ասում է` երեք խաղաղ բնակիչները ոչ թե ռմբակոծություններից են մահացել, այլ սպանվել են ադրբեջանցիների` Շուշի մտնելուց հետո: Էդիկ Ժամհարյանից բացի, շուշեցի Աշոտ Մունչյանն ու քաղաքի մաքրությամբ զբաղվող մի տղամարդ, Արցախի օմբուդսմենն արձանագրել է. «Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից»:

Քաղաքապետն ասում է` այժմ տեղեկություն են փնտրում շուշեցի երիտասարդ տղամարդու՝ Արսենի վերաբերյալ, 5 երեխաների հայրը քաղաքում է եղել, հրաժարվել է հեռանալ, հիմա չկա։ Անհայտ է նաև Արթուր Ղազարյանի ճակատագիրը, մնացել էր Շուշիի Րաֆֆու փողոցի իր տանը։

Միակ լավ լուրը որոնողական այս աշխատանքներից այն է, որ Շուշիի մերձակայքում գտնվել է ոստիկանության վիրավոր ծառայող. նա վեց օր թաքնված է եղել անտառում։ Այլ ողջ մնացած զինծառայողի առայժմ չեն գտել։

XS
SM
MD
LG