Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմական գործողությունների դադարից հետո առաջին անգամ հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Հիմա, ինչպես պայմանավորվել ենք, պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:
Հայաստանի կառավարությունում արդեն իսկ կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերվում են Արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն: Իհարկե, այդ գործողությունները կշարունակվեն», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ` վարչապետը նկատել է, որ հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է, զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովումը, հնարավորինս արագ անհետ կորածների ճակատագրի պարզումը և նրանց ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինվորների և քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչպես նաև ընդհանրապես սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը:
«Իհարկե, պատերազմից հետո մեծ ներդրումների անհրաժեշտություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, և մենք պետք է նաև համատեղ աշխատենք այդ ներդրումներն ապահովելու ուղղությամբ», - ասել է գործադիրի ղեկավարը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ հոսքը դեպի Արցախ ընթանում է բավականին մեծ տեմպերով. «Մեր հաշվառման կենտրոնի տվյալներով՝ միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ հետ է եկել, և հոսքը շարունակվում է:
Կոնկրետ առաջիկա օրերին իրար հետևից մի քանի սոցիալական ծրագրեր են իրականացվելու, մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր արցախցու տրամադրվելու է դրամական օգնություն, բնակարան կորցրած մեր հայրենակիցներին մեկ շնչի հաշվով միանվագ հատկացվելու է 300 հազար դրամ: Այս և մյուս ծրագրերն, այո, լիցքաթափելու են սոցիալական լարվածությունը»:
Արցախիի նախագահն ընդգծել է, որ հաշվի առնելով այն, որ եղանակներն ավելի են ցրտում, ու կոմունալ ծախսերն ավելի են մեծանալու, Երևանում ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով փորձում ենքփոխհատուցել կոմունալ որոշ ծախսեր, նաև Հայաստան այն քաղաքացիների համար, ովքեր իրենց ունեցածը, հյուրանոցները կամ օբյեկտները տրամադրել են:
«Պլանավորում ենք առաջին փուլում իրականացնել մեր այն հայրենակիցների տեղափոխումը Արցախ, ովքեր ունեն մնալու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր զրկվել են, կտեղափոխվեն փուլային տարբերակով, որպեսզի կարողանանք և՛ տեղավորել, և՛ ընթացքում լուծել սոցիալական խնդիրները: Համոզված եմ, որ առաջիկայում ներդրումների արդյունքում սոցիալական խնդիրներ չեն լինելու և այն սոցիալ-տնտեսական ծրագրերը, որոնք նախանշված են, համատեղ ուժերով կարողանալու ենք իրականացնել», - հավաստիացրել է Հարությունյանը: