Արտահերթ ընտրությունների վերաբերյալ երկրի նախագահի կոչին իշխող «Իմ քայլից» դեռ չեն արձագանքում

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի փոխանցմամբ՝ դեռ չեն քննարկել ուղերձը․ - «Խմբակցության պաշտոնական կարծիքը հայտնում ա խմբակցության ղեկավարը, խնդրեմ, իրա հետ զրուցեք»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնպես չպատասխանեց հարցին՝ հղում անելով իր ելույթին․ - «Ես հայտարարություն արեցի Ազգային ժողովի ամբիոնից։ Ավելացնելու ոչինչ չունեմ այս պահին։ Երբ ունենանք հայտարարություն և ասելիք այդ առումով որոշակիորեն, անպայման կներկայացնենք»։

Լիլիթ Մակունց

Իր ելույթը Մակունցը հանդարտության, զգոնության և սթափության կոչ էր արել, շեշտել էր, որ այժմ էլ վիճակը փխրուն է, և այս պահին գերխնդիրը կայունացումն է․ - «Նման կրքեր բորբոքելով այս փուլում, երբ մեր պաշտոնյաներն այս պահին վարում են շատ կարևոր բանակցություններ, շատ կարևոր պրոցեսներ են տեղի ունենում Արցախի հետ կապված, որևէ կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունը և պետականամետության դիրքորոշումը։ Եվ այն ուղիները, որոնք մենք համատեղ կգտնենք, պետք է լինեն առաջին հերթին երկիրը ցնցումներից զերծ պահելու համար և երկրում նոր զարգացման հեռանկարն ապահովելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է կառուցողական մթնոլորտ, որը չի կարող լինել նման հռետորաբանության և նման բառամթերքի օգտագործման պարագայում։ Սա չի նպաստում կրքերի հանդարտեցմանը և երկխոսության դաշտի բերելուն»։

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ Կառավարությունը պետք է հրաժարական տա։

Գևորգ Գորգիսյան

«Ընդդիմությունը հիմա ուղղակի մտածում է երկիրը փրկելու մասին։ Որովհետև դրա այլընտրանքը, եթե ինչ-որ մեկը չի վերցնում իշխանությունը, մնում է էս իրավիճակը։ Իսկ գործող Կառավարությամբ, գործող վարչապետով օր-օրի ավելի վատանալու է մեր վիճակը։ Հենց հիմա ոչ մի պետական համակարգ, պետական ինստիտուտ չի աշխատում։ Վարչապետը խոսում է, որ կան զինված խմբեր, բայց որևէ կառույց փաստորեն չկա այդ զինված խմբերին զինաթափելու համար։ Այսինքն՝ վարչապետը իր ամեն ելույթով ապացուցում է, որ երկրում տիրում է անիշխանություն։ «Իմ քայլը» խմբակցությունը իրենց ամեն ելույթով ապացուցում են, որ իրենց որևէ կապ չունեն իրողությունների հետ, որոնք երկրում տեղի են ունենում։ Եվ օր առաջ էս ամեն ինչը գիտակցելը, վարչապետի հեռանալը և նոր Կառավարություն ձևավորելը ուղղակի միտված է լինելու երկիրը էս վիճակից հանելուն։ Դա իրոք շատ բարդ բեռ է, դա իրոք շատ ծանր բեռ է, բայց ի՞նչ ենք մենք անում քաղաքականության մեջ, եթե պիտի պատրաստ չլինենք այդ ծանր բեռը կրելու», - ասաց Գևորգ Գորգիսյանը («Լուսավոր Հայաստան»)։

Նաիրա Զոհրաբյան

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց․ - «Չի քննարկվելու այլ օրակարգ։ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, նոր իշխանություն, նոր բանակցող»։

Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանն ասում է, որ Կառավարության շենք ներխուժելու և գույքը ջարդուփշուր անելու պայմաններում, երբ տեսախցիկները ֆիքսել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների, և արարքը չի դատապարտվել, հրաժարականի պահանջը տեղին չէ․ - «Երբ որ այդ երևույթները կդատապարտվեն նրանց կողմից, թող այդ ժամանակ պահանջեն հրաժարական։ Իսկ այս պայմաններում հրաժարական պահանջելը, երբ որ Կառավարություն են ներխուժում և ջարդուփշուր անում, իրանք ո՞նց են պատկերացնում, հրաժարականի դեպքում ի՞նչ կարող է կատարվել»։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հղած ուղերձում հայտարարել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են, իսկ մինչ այդ կառավարումը պետք է հանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը։

Նախորդ օրերին նախագահ Սարգսյանը հանդիպումներ էր ունեցել տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։

«Միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը», - ասված է ուղերձում:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան հարցին, թե պատրաստվում է արդյոք հրաժարական տալ, ասել էր, որ իր օրակարգում հանրապետությունը կայունություն և անվտանգություն ապահովելուց բացի այլ հարց չկա։