Այս փուլում ամենակարևորը ներքին կայունությունն ու անվտանգությունն է, հայտարարում է վարչապետը

Այս փուլում ամենակարևորը ներքին կայունությունն ու անվտանգությունն է, ինչից հետո կարելի է խոսել մնացածի մասին, երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Առաջին հերթին պետք է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանության անձեռնմխելիությունը: Ի՞նչ նկատի ունեմ: Նկատի ունեմ, որ քաղաքական խնդիրը հետևյալն է, որ մենք պետք է Հայաստանում քաղաքական միջավայրը պահենք այնպիսին, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահ լինեն, որ իրենց է միանշանակորեն և աներկբա պատկանում իշխանություն ձևավորելու իրավունքը», - նշեց վարչապետը:

Չորս օր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը, նշելով, որ պետք է ձևավորվի հայրենիքի փրկության կոմիտե, որը կկարողանա Արցախի հարցով իրավիճակ փոխել։ Արձագանքելով Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ստորագրած հայտարարությունը կործանարար համարող ընդդիմադիրներին, վարչապետն ընդգծեց՝ ինքը որևէ մեկի հրապարակային ելույթում այդ փաստաթուղթը չեղարկելու տարբերակ չի լսել։

«Ես ավելին կարող եմ ասել, մենք կարող ենք այդ թուղթը ուղղակի վերցնել, պատռել և գցել մի կողմ: Բայց պետք է նաև դրա հետևանքների… Այսինքն՝ ոչ մի խնդիր չկա, բայց պետք է նաև դրա հետևանքների որոշակի պատկերացումն ունենալ: Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, որում այդ թուղթն ստորագրվել է», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համաձայն է՝ այժմ ընտրությունների ժամանակը չէ, ասում է՝ կառավարությունը պետք է կենտրոնանա առաջացած խնդիրների լուծման վրա:

«Դա չի արվում ընտրությունների միջոցով, պատկերացնում եք եթե նույնիսկ վաղը կառավարությունը հայտարարի ընտրություն, օրենքի համաձայն մի երկու ամիս մենակ դրան կգնա, ինչ է մեզ սպասվում, միանշանակ համաձայն եմ վարչապետի հետ, ոչ մի ընտրություն հիմա պետք չի», - նշեց քաղաքագետը:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ ստորագրած փաստաթուղթը ռազմական գործողությունների դադարեցման մասին է, այն քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ։

«Այստեղ կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն և դառնան քաղաքական բովանդակություն: Եվ այդ փուլում, իհարկե, քննարկումները հնարավոր կդառնան, և այդ քննարկումները տեղի կունենան: Բայց այդ դեպքում էլ, բնականաբար, քննարկման հիմնական ֆորմատը լինելու է կառավարության ներսում, որովհետև դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և դիվանագիտական կորպուսը արտաքին գործերի նախարարությունն է», - ընդգծեց վարչապետը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ՝ ստորագրված փաստաթղթում առկա են բազմաթիվ անորոշություններ: Ըստ քաղաքագետի, կան կետեր, որոնց վրա հայկական կողմը կարող է աշխատել: Գրիգորյանն օրինակ է բերում Դադիվանքը, որը, ըստ նրա, խաղաղապահների տեղակայման դիրքի շնորհիվ կարող է չանցնել Ադրբեջանին:

«Կան տեղեր, որտեղ կարելի է մանրամասն քննարկվելով, պահանջելով հասնել, ուրեմն ճիշտ է կենտրոնանալ այսօր այս դետալների վրա, այլ ոչ թե փորձել ապակայնությանցել երկրի վիճակը երկրում», - ասաց Գրիգորյանը:

Ընդդիմադիր ուժերը նաև նշում են, որ իշխանություններն իմանալով առաջնագծի իրական վիճակի մասին պետք է ավելի շուտ դադարեցնեին պատերազմը՝ արձագանքելով այս պնդումներին Փաշինյանն ընդգծեց՝ այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն անիմաստ է:

«Դրանից առաջ չի եղել այդպիսի իրավիճակ, որ պայքարն իմաստ չունի: Եվ մեր բանակը, մեր զինված ուժերը, Գլխավոր շտաբը, Պաշտպանության բանակը՝ իրենք կռվել են մինչև վերջ, մինչև վերջին վայրկյանը, մինչև վերջին րոպեն»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ «այսինքն՝ Ձեզ այդ օ՞րն են զինվորականներն ասել, որ պարոն վարչապետ, այլևս իմաստ չունի», Հայաստանի կառավարության ղեկավարը պատասխանեց. «Ինձ այդ օրերին ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, պատերազմն ավելի վաղ դադարեցնելու բոլոր սցենարներով Շուշին պետք է հանձնվեր ադրբեջանական կողմին՝ առանց կռվի։ Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում հայկական ուժերի կազմակերպվածությանը, Փաշինյանն ասաց՝ մոբոլիզացիոն ռեսուրսն արդյունավետ չի գործել, պետք են մի շարք բարեփոխումներ։

«Եվ մենք այստեղ, իհարկե, լրջագույն վերանայումների կարիք ունենք: Պետք է լրջորեն մտածենք մեր բանակի և՛ մատակարարումների, և՛ կառուցվածքի փոփոխությունների մասին», - ասաց նա: