Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ապրած հայերը դժվարությամբ են պատկերացնում երկու ազգերի համատեղ կյանքը


Իջևանցի 87-ամյա Շամիր Մարգարյանը, որ կյանքի կեսն ացկացրել է Ադրբեջանի Շամխորի շրջանում, ծանրութեթև է անում օրեր առաջ ստորագրված համաձայնագիրը, որով Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների բնակավայրերի սահմանագծերն ավելի են մոտեցվել։ Ասում է՝ հակամարտության 30 տարիներին թշնամացած երկու ազգերի համատեղ կյանքը դժվար իրագործելի է։

Մարգարյանը Նշում է, որ դեռ մինչև ղարաբաղյան հակամարտությունը, երբ երկու երկրների ժողովուրդները բարեկամներ էին համարվում, շատ հայեր, այդ թվում՝ իրենց ընտանիքը, ստիպված են եղել հեռանալ Ադրբեջանից։ «Արդեն զգում էինք, որ շատ են խտրականություն դնում, անընդհատ հայերին սեղմում էին, որպեսզի հեռանան, ասում էին՝ դուրս եկեք: Ուզում էինք գյուղի տները ծախենք, չէին առնում», - պատմեց 87-ամյա իջևանցին:

Միայն Շամխորի շրջանում 18 զուտ հայկական գյուղեր են եղել, որտեղ բացառապես հայեր են ապրել։ Միայն հայկական դպրոցներ են գործել։ Ընդ որում այդ դպրոցներում ադրբեջաներենն ընդգրկված չէր որպես դասավանդվող առարկա։ Ադրբեջաներեն սովորել են կենցաղային շփումներից։ Մինչև Հայաստան տեղափոխվելը հայկական դպրոցում Շամիր Մարգարյանը մաթեմատիկայի ուսուցիչ է աշխատել։ Բայց 1976 թվականին եկել, հաստատվել են Տավուշի մարզում։

87-ամյա տավուշցին ասում է՝ ադրբեջանական իշխանությունները մշտապես աչքաթող են արել հայկական գյուղերը։ Շամխորի շրջկենտրոնից մինչև իրենց գյուղ 18 կմ-անոց ճանապարհը ոտքով էին անցնում՝ երբեք տրանսպորտ չի գործել։ Ճանապարհները գրեթե անանցանելի են եղել ավտոմեքենաների համար։ Հետո հարցուփորձ է արել ու տեղեկացել՝ հայերի հեռանալուց հետո ճանապարհերը կառուցել են, տրանսպորտն էլ օրական երեք անգամ գյուղ է մտնում։

«Մեր գյուղում ավտոբուս չի աշխատել, դրանից հետո արդեն օրական երեք ավտոբուս է գնում հետ դառնում», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչներ Արսեն Հակոբյանն ու Ֆիրուզա Ոսկանյանը ևս Ադրբեջանի Շամխորի շրջանի երկու հարևան գյուղերից են եկել։ Այնտեղի հայկական դպրոցն են ավարտել։ Նրանք էլ դեռ 70-ականներին սահմանից այն կողմ թողել են տուն-տեղն ու հաստատվել Հայաստանում։ Ըստ տավուշցիների, ադրբեջանական իշխանությունները հայկական գյուղերում սոցիալական վիճակը միտումնավոր էին վատ պահում հայերից հնարավորինս շուտ ազատվելու համար։

«Նորմալ չէինք կարողանում անասուն պահենք, պահում էինք, հենց ծախելու ժամանակը գալիս էր, գնում էինք, որ հանդից բերեինք, գնում էինք տեսնում, որ չկա, տարել ա թուրքը», - պատմեց նրանցից մեկը:

Ադրբեջանում կյանքի կեսն անցկացրած տավուշցիներն այսօր էլ հպարտությամբ են հիշում հերոս մարշալներ Բաղրամյան ու Բաբաջանյան տված իրենց ծննդավայրը՝ Շամխորն ու մտմտում՝ ինչպես է կազմակերպվելու կյանքը Ղարաբաղում՝ նոր կարգավիճակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG