Քննարկումը որպես այդպիսին նոր պետք է սկսվի, դիվանագիտական բնույթի քննարկում է դա լինելու, Հանրային ՀԸ հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով հրապարակում իր հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, թե ինչու իրենց հետ չի քննարկվել Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հետ համատեղ հայտարարությունը ստորագրումից առաջ:
«Այս կոնտեքստում խոսքը ռազմական գործողությունների համատեքստի մասին է, սա նույնն է, որ ռազմական գործողությունների ինչ-որ մի գրոհ կամ նահանջ, հաջողություն կամ անհաջողություն, ի վերջո ասվի հետևյալը` ինչու ընդդիմության հետ չի՞ քննարկվել: Քննարկումը դեռ նոր պետք է սկսվի, և դա դիվանագիտական բնույթի քննարկում է: Եվ այդ քննարկումը, կարծում եմ, տեղի կունենա շատ երկար, որովհետև ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ սա, այնուամենայնիվ, ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է: Նկատի ունեմ` սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ, և կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն և դառնան քաղաքական բովանդակություն, և այդ փուլում քննարկումները հնարավոր կդառնան, և այդ քննարկումները տեղի կունենան: Բայց այդ դեպքում էլ, բնականաբար, քննարկման հիմնական ֆորմատը լինելու է Կառավարության ներսում, որովհետև դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և դիվանագիտական կորպուսը Արտաքին գործերի նախարարությունն է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչո՞ւ չի լսում ընդդիմությանը, երբ նրանք ասում են, որ ժամկետներ կան, որ հնարավորություն կա հայտարարությունը չեղարկելու, վարչապետը պատասխանեց` այդ ամեն ինչը հրապարակային է տեղի ունենում, և ինքը չի լսել չեղարկելու ձև. «Ես ավելին կարող եմ ասել` մենք կարող ենք այդ թուղթը վերցնել, պատռել և քցել մի կողմ, բայց պետք է նաև դրա հետևանքների որոշակի պատկերացումն ունենալ: Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, որում այդ թուղթը ստորագրվել է: Իսկ դա նշանակում է, որ մենք ասում ենք` թող մեր 30 հազար զինվորները շրջափակման մեջ ընկնե՞ն»:
Իսկ ինչո՞ւ չկայացավ Ազգային ժողովի նիստ, որը ընդդիմադիր խմբակցություններն էին պահանջում, ինչ-որ պահ նաև խորհրդարանի շենքի մոտ հավաքված տարբեր քաղաքացիներ, վարչապետը նկատեց` հուզական մթնոլորտում այդ հարցը պետք չէ քննարկել. «Սառը քննարկելու համար նախ պետք է սառել և որից հետո քննարկել»: Բացի այդ, տվյալ պարագայում, ըստ Փաշինյանի, պրոցեսները ինչ-ինչ հանգամանքների բերումով տեղի են ունեցել շատ արագ և «պայմաններում, երբ Զինված ուժերի գլխավոր շտաբը և Արցախի քաղաքական ղեկավարությունը խնդիր է ձևակերպել, որ անհրաժեշտ է րոպե առաջ կանգնեցնել այս պրոցեսը»:
Հարցին` եթե ինքը լիներ ընդդիմադիր և լիներ նմանատիպ փաստաթուղթ, կմնա՞ր տանը, վարչապետն արձագանքեց, որ 2016-ին լինելով ընդդիմադիր պատգամավոր` որպես կամավորական է մեկնել Արցախ, իսկ հետո իրադարձությունների ընթացքից այդքան էլ գոհ չի եղել, սակայն հանրահավաք չի հրավիրել:
Շուշիի անկման վերաբերյալ տարբեր, այդ թվում` պաշտոնական լուրերին անդրադառնալով` վարչապետ Փաշինյանն ընդգծեց. «Շուշին այո, ընկել է, և ընկնելուց հետո 2 անգամ ետ գրավելու և ետ ազատագրելու փորձեր են եղել, առաջին փորձը չի ստացվել ընդհանրապես, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել և դիրքավորվել Շուշիում, բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, և ըստ էության Շուշին շարունակել է մնալ ընկած:
Նաև շատ միֆեր կան Շուշիի հետ կապված: Օրինակ, ինձ հենց այդ օրերին լուր տվեցին, որ 50 հոգանոց խումբ կա, որը դեռ շարունակում է՝ այն ժամանակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է: Եվ, բնականաբար, այդ իրավիճակում, ով ինֆորմացիան տալիս էր, ես կոնտակտ խնդրեցի, թե ո՞վ կա այդ խմբում, ո՞վ է, որ այդտեղ է գտնվում: Եվ, բնականաբար, փոխանցեցի զինվորականներին, որովհետև այլ ալիքով էր եկել այդ տեղեկատվությունը: Հետագա պարզաբանումների ընթացքում պարզվեց, որ այդ անձն իրականում գտնվում է Ստեփանակերտում: Ես նկատի ունեմ, որ շատ դեպքերում տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքվում էին:
Ճիշտ ընկալեք մեր քաղաքական խնդիրը: Երբ սկսվել են անհաջողությունները ռազմաճակատում, քաղաքական խնդիրը, որ մենք ձևակերպել ենք՝ բեկում մտցնել տրամաբանության մեջ: Եվ սրա համար արել ենք այն ամեն ինչը, ինչ հնարավոր է:
Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ մենք հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձևակերպել: Ո՞րն է այդ կետը, որտեղ մենք դա արձանագրել ենք: Այդ կետը Շուշիի անկումն է: Եվ ես ցանկանում եմ ասել նաև, որպեսզի մեր հանրությունն իմանա. Շուշիից առաջ, պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում, Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»: