Հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո Արցախում կրակոցի, պայթյունի ձայներ լսելի չեն, սակայն մինչ կրակի դադարի պայմանավորվածությունը Ստեփանակերտի առաջ կանգնած իրական վտանգի պատճառով էվակուացվել էր մայրաքաղաքը: Այսօր Արցախի իշխանությունները հորդորում են քաղաքացիներին վերադառնալ Ստեփանակերտ և լծվել քաղաքի վերակառուցման աշխատանքներին:
«Ազատության» հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են` աջակցելու մայրաքաղաք վերադարձող քաղաքացիներին, նրանց համար բոլոր հնարավորությունները կստեղծվեն: «Այսօրվա դրությամբ քաղաքում գտնվում է, քաղաքի մասով ասեմ, մեր բնակիչների 20-30 տոկոսը մնում է, իրենք ոչ մի տեղ չեն գնացել, իրենք ասել են` մեր հողն ու ջուրը չենք թողնում, ոչ մի տեղ չենք գնում: Մենք ապաստարանով, սնունդով, ամեն ինչ ապահովել ենք: Այսօրվա դրությամբ ահագին բնակիչ, երեկ էլ ահագին բնակիչ զանգել են, որ մենք ուզում ենք գանք, մեր բնակավայրերում մնալ և ապրել: Ինձ հարց են տվել` Դուք որտե՞ղ եք մնում, ասել եմ` նույն ձևի` քաղաքապետարանում, ասել են` մենք էլ ենք գալիս, մեր քաղաքում Ստեփանակերտում ապրենք: Երևանի քաղաքապետի հետ այսօր մեր նախագահի հետ հանդիպում է եղել, Երևանի քաղաքապետրանի դիմացից առավոտյան 9-ից ավտոբուսներ են լինելու այնտեղ, որ ձրի էտ մարդկանց բերելու են Ղարաբաղ: Արցախի բնակիչներին ձրի բերելու են, դա կազմակերպել է պարոն Մարությանը», - հայտնեց քաղաքապետը:
Նրա խոսքով` քաղաքի 60 տոկոսն արդեն կրկին ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրով, գազով. «Աշխատում են ամեն ցերեկ-գիշեր, որ սաղ ապահովեն: Խանութներ կան, որ աշխատում են, խանութներ կան, որ զանգել ենք, որ վաղվանից բացվեն էտ խանութները, որ աշխատեն: Ճիշտ է` շորի խանութներ, տարբեր, էտ հարցով չենք զբաղվել, մենակ սնունդի համար, որ մարդիկ ինչ էլ ուզեն, գնան, իրենց համար առնեն: Այսօրվա դրությամբ մեր աշխատողների ընդհանուր կազմը կազմում է 2850 հոգի մարդ, մշակույթի ոլորտով, կրթության ոլորտով, ես իրենց ասել եմ` ինչքան կան մարդիկ, գան աշխատանքի: Մեկը երեխային է բերելու, մեկը մանկապարտեզ է ուզենալու երեխային տանել»:
Այս օրերին, սակայն, մայրաքաղաքի փողոցները դեռ մարդաշատ չեն, հիմնականում կարելի է հանդիպել զինվորական համազգեստով անձանց: Այն քաղաքացիները, որոնց «Ազատությունը» հանդիպեց, նշում են, որ նույնիսկ էվակուացման պայմաններում իրենք հրաժարվել են հեռանալ մայրաքաղաքից, առաջիկայում իրենց հարազատներին ևս կանչելու են Ստեփանակերտ, ովքեր այժմ գտնվում են Հայաստանում, և ամեն ինչ անելու են, որպեսզի այս ժամանակահատվածն օգտագործեն հզորանալու և Արցախը հզորացնելու համար:
«Ով ուզում է, թող վերադառնա, բայց խորհուրդ կտամ` բոլորն էլ վերադառնան: Մեր պոստերը պահում են, մեր տղերքը կանգնած են, վախենալու ոչ մի բան էլ չկա: Մեզ ուրիշ տեղ չունենք ապրելու, մեր տեղն էս ա, լավ ա լինելու: Ուղղակի ժողովուրդը հուսահատված է հիմա, դե հասկանալի է, բայց հետագայում լավ է լինելու», - ասում է տեղացիներից մեկը, մյուսը հավելում է. «Մենք չենք մնալու ոչ մի տեղ, որ սաղ նորմալ լինի, գալու ենք մեր տները: Վերադառնալու ենք անպայման, ինչքան շուտ, էնքան լավ: Դուրս էի եկել, փոքր երեխեք կային, դրա համար եմ դուրս եկել, եթե երեխեք չլինեին, չէի էլ դուրս գա, էստեղ կնստեի»: