Մեզ պետք են խորաթափանց փոփոխություններ մեր ինքնագիտակցության մեջ, հայտարարում է Դավիթ Բաբայանը

Պետք է այնպիսի Արցախ լինի, որտեղ մարդն իրեն երջանիկ կզգա, նույնիսկ լինելով վտանգի տակ, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Եթե մենք ուզում ենք, որ լինի Արցախը պետք է այնպիսի Արցախ լինի, նույնիսկ ծանր վիճակում, բայց այնպիսի երկիր կարողանանք կառուցել, որտեղ մարդն իրեն երջանիկ կզգա, նույնիսկ լինելով վտանգի տակ: Իդեալական երկիր պետք է կառուցենք», - նշեց Բաբայանը:

Արցախի նախագահի խորհրդականը նաև ասաց՝ տեղահանումների հետ կապված «միգուցե ժամանակացույցը վերանայվի»:

«Ազատության» դիտարկմանը, որ Արցախի կարգավիճակի հարցը փաստաթղթում նշված է, Բաբայանը պատասխանեց. «Կարգավիճակի հարցը երկրորդական է, կարգավիճակն այնպիսին է, որ մենք փաստորեն ինքնակառավարվող ենք լինելու, բայց ոնց ենք կառավարելու մենք ինքներս մեզ, սա է հարցը: Այսինքն խնդիրն ուրիշի մեջ չէ, մեր մեջ է: Հույս պետք է լինի հասարակության մեջ, էդ հույսը կարող է տալ միայն համախմբված հասարակությունը, միայն պրոֆեսիոնալ և ազնիվ էլիտաները՝ պատրաստ գործին և տարբեր մարտահրավերներին: Միայն այս կերպով է, այլ ձև հնարավոր չի լինելու: Մեզ պետք են խորաթափանց փոփոխություններ մեր ինքնագիտակցության մեջ, ընդհանրապես մեր կյանքի»:

Նա նշեց, որ եթե այդ փոփոխությունները չլինեն, մարդկանց մեծ մասը չի վերադառնալու, որովհետև այն, ինչ եղավ, «դա նաև արտացոլումն էր բոլոր այն վատ երևույթների, որոնք չէին երևում, որոնք տարիներ շարունակ քողարկվում էին, որոնք ինչ-որ կերպ կենացների տակ փակվում էին»:

Իսկ թե ինչն է լինելու Արցախի տիրապետության տակ մնացած տարածքների անվտանգության երաշխիքը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ռուս խաղաղապահները և մեր Զինված ուժերը, սրանք ամենամեծ երաշխիքն են լինելու»:

Արցախի նախագահի խորհրդականը ներկայացրեց, որ նրանք արդեն ժամանել են Արցախ. «Կարծում եմ իրենք այդ փորձն ունեն խաղաղապահ առաքելություններ իրականացնելու և կարծում եմ ժամանակին, տեղը-տեղին կիրականացնեն»: