Մատչելիության հղումներ

Արցախից ժամանակավորապես Հայաստան եկած քաղաքացիները վերադարձի համար ապահովության երաշխիքներ են ուզում


Մարտակերտի շրջանից եկած Գալյա Սաֆարյանը, որ պատերազմի մեկնարկից հետո ապաստանել է Ալավերդիում, դեռ չգիտի՝ կվերադառնա՞ հայկական ուժերի վերահսկողության տակ մնացած գյուղ, թե՞ մշտապես կտեղափոխվի Հայաստան։

Նա ասում է, որ առաջին պատերազմում տունը գետնին էր հավասարվել, նորն են կառուցել։ Լուր ունի, որ տունը կանգուն է, բայց միևնունն է՝ վախենում է, թե ստեղծված պայմաններում չի կարող ապրել հայրենի գյուղում, անգամ խաղաղապահների ներկայությամբ։

«Փոքրից մինչև մեծ գնում են, ես ել եմ ուզում գնամ, իմ հայրենիքը նա է, բայց ինչ անեմ, վստահ չեմ։ Հարազատ հայրենիքը ձգում ա, բայց չգիտեմ, թե ո՞նց կլինի․ ստեղծում ենք, ցրիվ են տալիս քանդում են, կտորում են, մեկ անգամ չի, երկու անգամ չի։ Կասկածում եմ, վախում եմ, էն առաջվա կռվից հետո թազա սարքել ենք, որ հեսա ապրենք, երեք տարի միջին ապրած փախել ենք, գնացել եմ տեսել մոխիր դառած, հիմա էլ նորից կրկնակի սարքել եմ, որ պիտի ապրեմ ու նորից ստեղ եմ, չգիտեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալյա Սաֆարյանը։

Հադրութցի Օլեգ Մեժլումյանը կորցրել է 30 տարվա տուն-տեղն ու անորոշ վիճակում է. չգիտի՝ ինչ է անելու։ Ասում է՝ որդին դեռ դիրքերում է, կգա ու միասին կորոշեն իրենց հետագա ճակատագիրը։ 88-ին Սումգայիթից են տեղահանվել, 30 տարի անց դարձյալ ստիպված կլինի ամեն ինչ զրոյից սկսել։

«Չեմ պատկերացրել, որ տենց բան կստացվի, 30 տարի Հադրութում եմ մնացել, 30 տարի տուն ու տեղ եմ դրել, հիմա ոչինչ չունեմ, Սումգայիթից պրյամոյ եկել եմ Հադրութ, դառնում ա էն, որ ուժե երկու անգամ փախստական եմ դառել, շատ դժվար ա ինձ համար», - ասաց Մեժլումյանը։

Կարինե Սարգսյանը Մարտակերտ քաղաքից է։ Համոզված է՝ հետ են գնալու, բայց դեռ այնտեղ գտնվող ամուսնուց ու որդուց լուրերի է սպասում, երաշխիքների, որ օրեր առաջ ռմբակոծությունների ենթարկված քաղաքում երեխաների համար անվտանգ կլինի։ Գոնե սփոփվում է, որ տունը կանգուն է ու անվնաս։

«Հա մտածում ենք, որ լավ կլինի, բայց, մեկ ա, վախ կա մեջներս․ սաղ շրջապատված թուրքերով, էն վախ մի քիչ հեռու են եղել։ Վախում ենք, էրեխեքը վախում են, բայց դե մեկա պիտի գնանք, ինչ անենք», - ասաց Կարինե Սարգսյանը։

Մարտակերտցի Գյուլնարա Մաթևոսյանն անցած 30 տարիներին երեք անգամ ստիպված է եղել ընտանիքով տեղահանվել հայրենի գյուղից։ Արդեն երրորդ պատերազմից հետո որոշել է՝ հակառակորդից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա ապրել չի ուզում։ Նա էլ սպասում է՝ ամուսինը վերադառնա դիրքերից ու որոշեն՝ որտեղ կհաստատվեն, բայց ասում է՝ երեխաների համար Մարտակերտում այլևս ապագա չի տեսնում։

«9 շրջան տվեցին, էսքանից հետո ես գնամ Մարտակերտումն ո՞նց կենամ ՝ թուրքով շրջապատված։ Քելբաջարը, Շուշին, ուր գնում ես, թուրք են, կմնա՞ք, ոչ, ես չեմ մնա, զոռով իմ երեխան պրծել ա, էդքանից հետո ես չեմ թողնի ոչ մի դեպքում, վախենում եմ, որովհետև շուրջս բոլորը թուրք են։ Շատ կուզենայի իմ տունը, ոչ մի բան չեմ բերել, տկլոր դուրս եմ եկել, 9 ամսական երեխայիս խտտել, եկել եմ», - ասաց Գյուլնարա Մաթևոսյանը։

Լորետա Շաբոյանը ևս իր երեխաների հետ ավելի քան մեկ ամիս Ալավերդիում է ապրում։ Ափսոսում է, որ Ջեբրայիլի իրենց տունն արդեն հակառակորդի վերահսկողության տակ է, այլևս չի տեսնի։ Բայց ասում է՝ հնարավորության դեպքում կուզենար էլի Ղարաբաղում ապրել․ «Որ տունը տան ես կգնամ, խնդիր չեմ տեսնում, էնտեղ ծննդավայրս ա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG