Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ փաստաթղթի համաձայն` 4 օրից` նոյեմբերի 15-ին, Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի (Քարվաճառ) շրջանը: Այսօր արդեն Արցախից եկող Սոթք-Քելբաջար անցակետում մեծ թվով մեքենաներ կային: Մարդիկ ասում էին, որ հավաքել են` ինչ կարողացել են, հետևում են թողել իրենց ծննդավայրը, հայրենիքը, տունը: Շատերը դեռ չգիտեն, թե Հայաստանում որտեղ են ապաստանելու, ինչպիսին է լինելու իրենց ապագան:
«Ազատությունը» հանդիպեց նաև Ստեփանակերտից իրերը տեղափոխող քաղաքացուն: Վերջինս կարծում էր, որ Ստեփանակերտը ևս այլևս անվտանգ չէ, սակայն հակառակ կարծիքն ունեցող քաղաքացիներ էլ կան: 2 կին, օրինակ, Ստեփանակերտից գալիս էին Հայաստան` այստեղ ապաստանած իրենց հայրենակիցներին տեսնելու, պատրաստվում էին դարձյալ վերադառնալ: Շարունակելու են ապրել Արցախի մայրաքաղաքում և վստահ են, որ կորցված տարածքները հայկական կողմը դեռ վերադարձնելու է. «Արցախի բնակիչ ենք, զինծառայողներ ենք, գնում ենք, մեր երեխեքին տենանք ու հետ գնանք Արցախ: Որ մենք չապրենք {Ստեփանակերտում}, ով ապրի, բոլորին կոչ ենք անում վերադառնալ, բոլորը թող վերադառնան իրենց տները, ամեն մի տան ճրագ թող վառվի»:
Հարցին, թե չե՞ն անհանգստանում, որ շրջափակված են լինելու, պատասխանեցին. «Չենք կարա ասենք, պիտի ապրենք որ… չեմ ասի, որ անհանգիստ կլինենք, կանհանգստանանք: Կվերադարձնենք, մենք հաղթելու ենք, թեկուզ հոգով մենք միշտ հաղթած ենք»:
Մյուս քաղաքացիներից ոմանք նշում են` իրենց գյուղը ստորագրված համաձայնագրով անցնում է ադրբեջանական կողմին, ստիպված հեռանում են. «Էս 20-25 տարի էնտեղ ապրում ենք, ի՞նչ կարող ենք, հավաքենք, բերենք էս մեքենայով: Էնքան որ գնում ենք»: Ասում են` մնացածներն էլ դուրս են գալիս, չգիտեն` ինչ են անելու հետագայում. «Մեր երկիրը քանդվեց»: Տղամարդկանցից մյուսը շեշտում է. «Վիճակը սենց ա, քանի որ Քարվաճառը որ տվել են իրանց, տարածքները տվել են իրանց, մենք առաջվա նույն բլոկադայի մեջ ենք մնում, մի հատ էսքան ճամփա են տալիս, էտ էլ դրանով գնացեք, եկեք: Ոնց կլինի, ինչ կլինի, էնտեղ արդեն ոչ ապագա կա, ոչ իմաստ կա ապրելու: Հլը որ գալիս եմ ընկերոջս տուն` Գավառ, հետո կորոշեմ էլի: Տան անդամները Լուսակերտում են»:
«Պատերազմի ժամանակ, երբ որ ժողովուրդը դուրս է գալիս, էտ հրետակոծությունների, նրանք դժվար են հետ գալիս, որովհետև գիտեն տունը ջնջխված, գան, որտե՞ղ ապրեն: Նրանց ժամանակ է պետք, որ կառուցվի, թուրքը նենց չարեց, որ անմիջապես հետ գան», - մեկ այլ քաղաքացու կարծիքն է: