Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է՝ «ստիպված են» եղել կայացնել երեկվա որոշումը՝ ռազմական իրավիճակով պայմանավորված։ Հայտարարելով, որ քննարկումներ է ունեցել Հայաստանի վարչապետի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի հետ ու ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը, Հարությունյանը գիշերը տեղեկացրել էր՝ ինքն էլ է տվել իր համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը:
Ըստ Արցախի նախագահի՝ Շուշիի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը հայկական կողմը կորցրել է նոյեմբերի 7-ին, եթե մարտական գործողությունները շարունակվեին նույն տեմպով, օրերի ընթացքում կկորցնեին նաև ողջ Արցախը: Հիշեցնենք, Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 8-ին դեռ հայտարարում էր` ադրբեջանցիներին չի հաջողվել Շուշին ամբողջությամբ վերցնել:
«43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից և ամենագլխավորը` Շուշին: Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում` 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, կունենայինք շատ ավելի զոհեր», - նշեց Հարությունյանը:
Վերջին 2 օրերին զորքի կորուստները, նրա խոսքով, շատ մեծ են եղել` նոր տեխնոլոգիաների և անօդաչուների գործադրման պատճառով: Ֆեյսբուքյան հեռարձակմամբ Արցախի նախագահը խոսեց նաև զորքի բարոյահոգեբանական վատ վիճակից, շարքերում հիվանդություններից. «Շատ մեծ կորուստներ ենք ունեցել մարդկային միայն երեկ, վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում: Ու այդ բոլոր կորուստները անօդաչուներով, այդպես էլ մեզ չհաջողվեց: Ինչո՞ւ չհաջողվեց, մենք բոլորս պատասխան ենք տալու, այո, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ մեր Պաշտպանության բանակն այդ կարիքն ուներ, այդ խնդիրն առկա էր: Բոլորս, ովքեր զբաղեցրել էինք պաշտոններ վերջին տասնամյակներում: Զորքը թութքով, դիզինտերիայով, կովիդով հյուծված վիճակում, 43 օր գտնվում էին առաջնագծում, չունեինք հնարավորություն փոխելու, հանգստանալու, բուժելու»:
Խոսելով եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված պատերազմի դադարեցման հայտարարության մասին, գիշերը Հարությունյանն ասել էր՝ դրան առավել մանրամասն կանդրադառնա ավելի ուշ։ Առավոտյան, սակայն, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ չկոնկրետացնելով, հայտարարեց՝ ամեն ինչ առջևում է, դրանով ոչ թե ավարտվում է, այլ սկսվում ամեն ինչ։ Հարությունյանը տեղեկացրեց, որ Արցախի քաղաքական ու ռազմական գործիչների հետ խորհրդակցություններ է սկսել, նա իր նախկին պաշտոնակիցների անունները տվեց, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանինը։ Վերջին օրերին Բալասանյանը Հայաստանի վարչապետի ու նրա գլխավորած կառավարության օր առաջ հեռացումը պահանջողներից է։ Այս քննարկումներից փակագծեր չբացեց` ասելով, թե քայլերի մասին առաջիկայում կտեղեկացնի. «Մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է, բոլորը պատրաստակամ են համագործակցել: Այսօր արդեն հանդիպել եմ Հայ հեղափոխական դաշնակցության հետ, Վիտալի Բալասանյանի հետ, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների` Լևոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի հետ: Եկել ենք մի համաձայնության, որ պետք է ցանկացած որոշում կայացնելուց առաջ, իսկ մեր որոշումները դեռ առջևում են, պետք է միասին կայացնենք»:
Արայիկ Հարությունյանի խոսքով` իր հետ քննարկումներ ունեցած մարդիկ միակարծիք են եղել` զինադադար է անհրաժեշտ` ժամանակավոր, թե մշտական. «Չի եղել մեկը, որ ասի` ո՛չ, մենք շարունակում ենք պատերազմը»:
Արցախի քաղաքական ուժերն այս պահին ձեռնպահ են մնում գնահատականներից, մասնավորապես խորհրդարանական «Դաշնակցություն» խմբակցությունից Դավիթ Իշխանյանն «Ազատությանը» փոխանցեց` կուսակցություններով քննարկումներ են անցկացնում, այսօր ավելի ուշ հայտարարություն կանեն։
Մյուսների հետ, ում անունները տվել էր Հարությունյանը, ողջ օրվա ընթացքում կապ հաստատել չհաջողվեց: Օրվա ընթացքում Արայիկ Հարությունյանը դիմեց նաև Հայաստանի խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար, ինչպես ձևակերպել էր, «ստեղծված բարդ քաղաքական իրավիճակով պայմանավորված` նոր օրակարգի շուրջ»: Պատրաստակամություն էր հայտնել վաղն ընդունել խորհրդարանական ուժերի ղեկավար կազմերին, այնուհետև հանդիպել նաև արտախորհրդարանականներին: Իշխանական «Իմ քայլի» և ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» հետ կապ հաստատել չհաջողվեց, ընդդիմադիր մյուս ուժի` «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Անի Սամսոնյանն ասաց` հարցը չեն քննարկել, որոշում չունեն: Արտախորհրդարանական ուժերը ևս հրավերն ընդունելու մասին ոչինչ չեն հայտնում: