Գիշերը Ստեփանակերտում ընդհանուր առմամբ հանգիստ էր

Արցախ - Հրետակոծված Ստեփանակերտը, 31-ը հոկտեմբերի, 2020թ.

Գիշերը Ստեփանակերտում ընդհանուր առմամբ հանգիստ է եղել։ Ուշ երեկոյան մի քանի անգամ, շատ կարճ, տագնապի ազդանշանն է միացել։ Ավելի ուշ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդեց, որ Ստեփանակերտում հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է՝ կապված երկնքում հայտնվող ադրբեջանական օդուժի սպառնալիքների հետ։

Կեսգիշերից հետո ո՛չ պայթյունի ձայներ են լսվել, ո՛չ ազդանշանն է միացել։

Երեկ երեկոյան արցախցիներն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ չեն պատրաստվում հեռանալ Ստեփանակերտից, նշելով, որ սա իրենց տունն է, հողն է, և այն լքել չեն պատրաստվում, տղամարդկանցից մեկն անգամ ասաց, որ իր կինն ու զավակները ծառայում են այս պահին, և նա այստեղից հեռանալ ուղղակի չի կարող։

Հոկտեմբերի 31-ին Ժնևում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ ղարաբաղյան հակամարտության կողմեր պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` դիտավորությամբ չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները, մասնակցել ռազմի դաշտում մնացած աճյունների փոխանակման աշխատանքներին։

Պայմանավորվածությունից հետո, սակայն, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում, ադրբեջանական կողմը շարունակում է ռմբահարել խաղաղ բնակավայրերը: