Մատչելիության հղումներ

Ըստ հայկական կողմի, Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին


Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների 36-րդ գիշերը մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ գիշերը ադրբեջանական ուժերը փորձել են առաջանալ հարավային հատվածում՝ Ավետարանոց գյուղի ուղղությամբ։ Ըստ հայկական կողմի, Ադրբեջանի՝ շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով դեպի Ավետարանոց-Սղնախ հատված առաջանալու փորձերը ձախողվել են, կրելով մեծաթիվ կորուստներ՝ ադրբեջանական ուժերը հետ են շպրտվել:

«Անցած գիշեր կոնկրետ Ավետարանոցի ուղղությամբ թշնամին առաջխաղացման փորձ է արել, որը կասեցվել է պաշտպանության բանակի կողմից, մյուս ուղություններում հիմնականում եղել են հրետանային կրակոցներ, այդ թվում՝ հրթիռակոծվել են խաղաղ բնակավայրեր, բացի դրանից նաև մի քանի ուղղություններում թշնամին ԱԹՍ-ներ է բարձրացրել, որոնցից մեկը մեկ հակաօդային ուժերը հաջողությամբ խոցել են», - ասաց Պողոսյանը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, այսօր մարտական գործողություններին զուգահեռ ադրբեջանական ուժերը շարունակել են հրթիռահրետանային հարվածներ հասցնել նաև խաղաղ բնակավայրերին։ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդում է, որ Մարտունի քաղաքը և հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում «Գրադ»-ի և «Սմերչ»-ի կայանքներից հրթիռակոծվել է Շուշին, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև պարսկական «Գոհար աղա» մզկիթը, այստեղ ավելի վաղ երկու անգամ հրթիռակոծվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին։ Մարտակերտում էլ ռազմական ավիացիա է կիրառվել։ Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում, որտեղ այսօր միայն 7 անգամ օդային տագնապի ազդանշան է հնչել։

Պետական գերատեսչությունը տեղեկացնում է, որ խաղաղ բնակավայրերում տուժածներ չկան, իսկ վնասների չափը ճշտվում է։

Արցախի նախագահի խոսնակի Պողոսյանի խոսքով, ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտում է հրադադարի պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այս պատերազմի ընթացքում արդեն երեք անգամ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Իսկ հոկտեմբերի 30-ի Ժնևյան հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին չթիրախավորել խաղաղ բնակավայրերը և ոչ ռազմական օբյեկտները։

«Հայկական կողմը միշտ էլ հայտնել է իր պատրաստակամությունը, ինչպես հումանիտար պայմանավորվածությունների առումով, այնպես էլ ընդհանուր առմամբ խաղաղ բանակցությունները վերսկսելու, սակայն Ադրբեջանի իշխանությունները մշտապես ցուցաբերում են ապակառուցողական մոտեցում և այս անգամ ևս այն բացառություն չէ», - ընդգծեց Վահրամ Պողոսյանը:

Նույն մեղադրանքը հայկական կողմի հասցեին հնչեցնում է պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ դիրքերից բացի այսօր հրետակոծվել են Թարթար քաղաքը և մի քանի գյուղեր։

Ժնևում հակամարտության կողմերը, բացի խաղաղ բնակավայրերը չթիրախավորելուց, պայմանավորվել էին նաև մասնակցել ռազմի դաշտում մնացած աճյունների փոխանակման աշխատանքներին և դրա համար Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրել անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ, ինչպես նաև մեկ շաբաթվա ընթացքում Կարմիր Խաչին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրել ռազմագերիների ցուցակը՝ հասանելիության ապահովման և հետագա փոխանակման նպատակներով։

Վահրամ Պողոսյանը փոխանցեց՝ Արցախի իշխանությունների հետ դեռևս որևէ հարց չի քննարկվել. «Բացի այն հայտնի փոփոխությունը, որ եղավ և մեկ քաղաքացիական անձ հանձնվեց հայկական կողմին, դրանից հետո որևէ փոփոխություն, որևէ քննարկում Արցախի իշխանությունների հետ չի իրականացվել կամ Պաշտպանության բանակի հետ չի իրականացվել: Թշնամին շարունակում է ագրեսիվ գործողություններ իրականացնել առաջնագծի տարբեր ուղղություններում և այդ առումով որևէ քննարկում գոյություն չունի», - ասաց Արցախի նախագահի խորհրդականը:

Մինչ ռազմական գործողությունները շարունակվում են, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները գրեթե ամեն օր հարցազրույցներ են տալիս՝ վերահաստատելով խնդիրը բանակցային սեղանի շուրջ լուծելու իրենց պատրաստակամությունը, բայցև միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար։

Այսօր էլ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո սպառնացել է, թե՝ «Ադրբեջանը կգնա մինչև վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ»։ Իր հերթին Հայաստանի վարչապետը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին ընդգծել է բանակցություններում հակամարտության լուծման այնպիսի տարբերակի մասին, որն ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Եվ, այո, ես բանակցություններում ներգրավված առաջին ղեկավարն եմ ընդհանրապես, որ զբաղվում է հարցով, ով ասում է, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի կողմի համար։ Բայց ինչո՞ւ մենք առաջ չգնացինք այդ ճանապարհով: Որովհետև Ադրբեջանի նախագահը հրաժարվեց որդեգրել այս նույն բանաձևը: Որովհետև նրանք հիմնվել են այն տրամաբանության վրա, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Այս դիրքորոշումն է, որ բերել է այսպիսի իրավիճակի», - նշել է Փաշինյանը։

Հայաստանի ղեկավարը կրկին շեշտել է, որ կարևորում է միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչումը։ «Եվ այսօր կարծում ենք, առավել ևս, այդ հարցը հրատապ է, և ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, հաշվի առնելով հումանիտար աղետի վիճակը, որում գտնվում է Լեռնային Ղարաբաղը, հաշվի առնելով այն անառարկելի փաստը, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում նշանակում է առանց հայերի Լեռնային Ղարաբաղ, նշանակում է էթնիկ զտումներ՝ մենք կարծում ենք, որ այս պարագայում պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» բանաձևը, և միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - նշել է վարչապետը։

Անդրադառնալով երեք անգամ տապալված հրադադարի պայմանավորվածություններին՝ Փաշինյանը Բաքվին է մեղադրել այն խախտելու համար ու շեշտել՝ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան, ըստ էության, չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները։

«Եթե մենք հրապարակային հայտարարություններին հետևենք, ակնհայտ կդառնա, թե ինչն է պատճառը, որ չեն դադարում ռազմական գործողությունները: Որովհետև, երբ մենք արձանագրենք փաստերը՝ կարևոր և հիմա արդեն միջազգայնորեն ճանաչված փաստ է, օրինակ, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների տեղափոխել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը նախաձեռնելու համար: Եվ ահաբեկիչներին տարածաշրջաններ չեն տեղափոխում խաղաղության կամ հրադադարի համար: Ահաբեկիչներին և վարձկաններին տեղափոխում են պատերազմի համար», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:

XS
SM
MD
LG