Մատչելիության հղումներ

Ժնևի պայմանավորվածություններից հետո հրետակոծվել է Ստեփանակերտը


Այն, որ Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ մոտ յոթ ժամ տևած Մնացականյան-Բայրամով բանակցություններից հետո էլ պայմանավորվածությունները չեն պահպանվում, և ադրբեջանական կողմը շարունակում է ռմբահարել խաղաղ բնակավայրերը, ցույց է տալիս, որ «միջազգային հանրություն» ասվածը պարզապես գոյություն չունի՝ այսօր Ստեփանակերտից «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով հրադադարի տապալված երեք փորձերի մասին։

«Ոչ մի ձևով չի պահպանվում զինադադարը, ոչ մի ձևով, ավելին, օգտագործում է ֆոսֆորային ռումբեր թշնամին, որը արգելված է բոլոր կոնվենցիաներով, սա համարվում է քիմիական զենք; Հիմա ի՞նչ անենք, ասեք, միջազգային հանրություն հասկացություն գոյություն չունի փաստորեն, էդպես է ստացվում: ՄԱԿ-ը, մնացած կազմակերպությունները խոսում են՝ պետք է սենց անել, պետք է նենց անել, ո՞վ պիտի միջամտի և ցեղասպանությունը կանխի: Լավ, մենք կանգնած ենք մինչև վերջ և պատրաստ ենք ամենավերջին քայլերի, հետո», - ասաց Բաբայանը:

Ժնևում կայացած բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, թե ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` դիտավորությամբ չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները, մասնակցել ռազմի դաշտում մնացած աճյունների փոխանակման աշխատանքներին։

Ուշադրություն է գրավում, որ հայտարարությունում նոր հրադադարի պայմանավորվածության մասին խոսք չկա, սակայն «Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան ներկայացնող միջնորդները կրկին կողմերին կոչ են արել իրագործել իրենց ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը՝ համաձայն Մոսկվայում հոկտեմբերի 10-ի իրենց համատեղ հայտարարության, որը վերահաստատել են Փարիզի հետ հոկտեմբերի 17-ին և Վաշինգոտոնում հոկտեմբերի 26-ին»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանը նպատակ չունի այս փուլում ինչ-որ պայմանավորվածության հանգել բանակցությունների միջոցով։

«Ադրբեջանն ակնհայտ է՝ օգտագործում է բանակցային պրոցես և՛ ուշադրությունը շեղելու, և՛ շատ կարևոր հոգեբանական պահ. անընդհատ իրենք հաղթող են դուրս գալիս, անընդհատ մերոնք հարգում են զինադադարը, գոնե առաջին ժամերը, իրենք հարվածում են: Քանի որ այդ քաղաքականությունը, դա կոչվում է հիբրիդային պատերազմ, դու պայմանավորվում ես, դե հիմա մենք ի՞նչ ենք մտածում, գոնե հինգ ժամ կլինի զինադադար, ոչ, այդ հինգ ժամն իրենք օգտագործում են՝ առաջ գնալու», - նշեց Ստեփանյանը:

ԱՄՆ-ն առաջարկում է տեղակայել սկանդինավյան խաղաղապահներ

Միացյալ Նահանգները ժամեր առաջ հանդես է եկել առաջարկությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայել սկանդինավյան խաղաղապահներ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը՝ հավելելով, որ Ադրբեջանը աջակցություն է ստանում Թուրքիայից, և չնայած Թուրքիայի ժխտումներին, կան արժանահավատ հաղորդումներ, որ Անկարան հակամարտություն է մտցրել զինյալներ՝ Սիրիայից։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով, Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը պետք է բացատրել երկու հանգամանքով՝ առջևում ԱՄՆ նախագահական ընտրություններն են, և Թրամփի վարչակազմը նպատակ ունի տեղի հայերից շատ ձայն ստանալ։ Երկրորդ՝ Վաշինգտոնը, ինչպես, ի դեպ, Թեհրանը, ցանկանում են հիշեցնել Մոսկվային ու Անկարային, որ Հարավային Կովկասում իրենք էլ շահեր ու ազդեցություն ունեն։

«Իհարկե, այդտեղ նախընտրական կոմպոնենտն ակնհայտ է, և երբ որ Թրամփն, օրինակ, խոսում է այդ իրողության մասին, նա նաև մեջբերում է հայերին և նկատի է ունենում ընտրողներին: Ինչ վերաբերում է այդ խնդրի խաղաղ լուծմանը, ապա, իհարկե, հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի պասիվ է այս տարածաշրջանում, բայց այնուամենայնիվ տարածաշրջանում ներկայացված են և պետք է ցուցաբերեն, որ նրանք մասնակցում են և մասնակցելու են», - նշեց Միքայելյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG