Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, հայտնում է Արցախի ՊԲ-ն


Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ է կիրառել, հայտարարում է Արցախի Պաշտպանության բանակը։

Ենթադրաբար այդ զինատեսակի կիրառումը պատկերող տեսանյութ հրապարակելով՝ Արցախի պաշտպանական գերատեսչությունը նշում է. «Ֆոսֆորային զենքի օգտագործումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում։ Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ»:

Հաղորդագրությունում ասվում է նաև՝ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ։

«Ադրբեջանն այս անգամ ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում», - Թվիթերի իր էջում գրել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նաև նշելով, - «այն ինչ անում է Ադրբեջանը ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմի հայտարարությունը, նշելով, թե իրենց սպառազինության մեջ սպիտակ ֆոսֆորային զինատեսակներ չկան։

Միևնույն ժամանակ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս հաստատում է, որ Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր:

Զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է, ասված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում։

Այս առնչությամբ՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր հերթին «Ազատության» հետ զրույցում ասաց. «Երեկվա դեպքը, որ կիրառված զենքերի միջոցով հրդեհվում են մեր անտառները, կարծես թե ավելի վիզուալ և հիմնավոր ապացույցներ են ներկայացնում»։

Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն Արցախ այցի համատեղ հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին՝ պատրաստակամություն հայտնելով անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ ու Շուշի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմինների հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։

«Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները և այլն», - ասված է Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հայտարարությունում։

«Մեր նպատակն է, որպեսզի իրենք իրենց աչքերով տեսնեն, համոզվեն, թե ինչ է կատարվում և հասկանան, որ իրենք ևս ունեն պատասխանատվություն, այս ամենի մեջ, և պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռք առնեն շատ ավելի ակտիվորեն: Կարծում եմ՝ սա արժեքավոր կլինի բոլոր դիվանագետների համար, որպեսզի առաջին ձեռքից և անմիջականորեն իրենք համոզվեն եղելությունը, իրենք եթե հարցեր ունենան, դիտարկումներ ունենան, մենք միշտ բաց ենք, որպեսզի ուղղեն, մենք էլ օգնենք իրենց, իրենք էլ օգնեն մեզ: Ինձ համար կարևոր է, որ ոչ միայն ես, այլ նաև տարբեր օտարերկրյա դիվանագետներ կլինին, իրավապաշտպաններ կլինեն, գան և տեղում հասկանան իրավիճակը, և իրենք էլ ներկայացնեն իրենց պետություններին և միջազգային կառույցներին», - նշեց Բեգլարյանը:

Արցախի Պաշտպանության բանակը հայտնել էր՝ Ադրբեջանի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում, խոցվել են նաև 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: Այսօր առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են:

Ադրբեջանը հայտնում է, որ պատասխան կրակ են բացել Կուբաթլիի ուղղությամբ։

XS
SM
MD
LG