Հայկական կողմն արդեն երկու ահաբեկչի գերեվարության մասին է հայտնում

Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին, լուսանկարը` Քննչական կոմիտեի հրապարած տեսանյութից

«Ամսական 2000 դոլար վարձավճար, գումարած 100-ական դոլար ամեն «քաֆիրի»՝ անհավատի գլուխ կտրելու համար», Արցախի պաշտպանության բանակի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական հարցաքննության ժամանակ նման հայտարարություն է արել մարտի դաշտում գերեվարված Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին։ Ըստ հայկական կողմի՝ նա սիրիացի վարձկան է։

«Իրենց 2000 դոլար խոստացել էին ամսական, առավել պարգևատրումներ ամեն մի գործողության, ամեն մեկը, որ «քաֆիրի» գլուխը կկտրի, կառնե 100 դոլար»:

Հայկական կողմը մինչև այս պահը հայտնել է սիրիացի երկու վարձկանների գերեվարության մասին։ Հայաստանի քննչական կոմիտեն (ՔԿ) այսօր հրապարակեց նաև ձերբակալված սիրիացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից հատված, որտեղ երկու օր առաջ Լեռնային Ղարաբաղում գերեվարված տղամարդը պատմում է՝ ինչպես է Սուլեյման շահ խմբավորման հրամանատարի կողմից դեռ սեպտեմբերի կեսին Սիրիայում հավաքագրվել, մոտ մեկ ամիս անց ևս 250 զինյալների հետ Թուրքիայից տեղափոխվել Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար ամսական 2000 դոլարի դիմաց, որը դեռ չի ստացել։

Սիրիացի Մուհհռաբը վիրավորվել է հայկական գյուղի գրավման օպերացիայի ժամանակ. - «Մեր ահաբեկչական խմբավորումների ներգրավումն Ադրբեջանի կողմից նպատակ ուներ ապակայունացնել Արցախի Հանրապետության ներքին վիճակը՝ ձեր կողմից նշված հրկիզումներին, պայթյուններին, մարդկանց ոչնչացնելուն, այսինքն` ոչ մեկին կենդանի չթողնելու հրամաններ արձակելով։ Իմ կողմից նշված ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորվումն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության կողմից, Թուրքիայից ֆինանսավորումը մեր մասով ստացվում էր Աբու Համ շահի միջոցով: Նա էր բաշխում գումարները: Նշեմ նաև, որ ահաբեկչական խմբավորումներին հատկացվող զենքերը նույնպես հատկացվել են Թուրքիայի կողմից: Թուրքիայի Հանրապետության զինված ուժերն աջակցում էին Ադրբեջանին հայերի դեմ սույն թվականի սեպտեմբերի 27-ից ընթացող պատերազմում` ռազմական գործողություններում, մասնավորապես աջակցում էին հրետանիով և ղեկավարում էին ռազմական գործողությունները: Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայերի դեմ ռազմական գործողություններում կիրառվում էին անօդաչու թռչող սարքեր, որոնք կառավարվում էին Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների կողմից»:

Թուրքիայի կողմից ղարաբաղյան համակարտության գոտում սիրիացի ահաբեկիչների ներգրավման մասին խոսել են մի քանի երկրների առաջնորդներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային մամուլն էլ արդեն մեկ ամիս շարունակ հետաքննություններ է ներկայացնում, Թուրքիան և Ադրբեջանը կտրականապես հերքում են, թե ադրբեջանական կողմում ջիհադիստներ են կռվում։

«Արդեն առկա են ամբողջական և համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ»,- տեսանյութերի հրապարակումից հետո Ֆեյսբուքում այսօր գրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա, ըստ նրա, միջազգային հանցավոր ցանց է, և սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ: Առաջիկայում վարչապետը նոր վկայություններ է խոստացել։

Հայաստանի քննչական կոմիտեում հարուցված է քրեական գործ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության դեպքերով։

Քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ տղամարդը, ում հարցաքննությունը հրապարակել են այսօր, ձերբակալված է կասկածյալի կարգավիճակով, մյուս սիրիացին տեղափոխվում է Արցախից Հայաստան, նա դեռ կարգավիճակ չունի: Քննչական կոմիտեի պաշտոնյան վստահեցնում էր՝ սիրիացի տղամարդու հարցաքննությունը մարդասիրական իրավունքի միջազգային բոլոր նորմերի պահպանմամբ է իրականացվել, ոչ բռնի. - «Որևէ բռնություն չի եղել, անձն իր կամքով, իր ցանկությամբ, նաև ասել ենք, որ դուք ունեք իրավունք հրաժարվել ցուցմունք տալուց, և պաշտպանի հնարավորություն է տրվել, որպեսզի առանձին նույնպես դա պարզաբանի անձին, և անձն իր կամքով է ցանկացել ցուցմունք տալ և հայտնել ողջ իրականությունը»:

Քննչական կոմիտեի պաշտոնյան պնդում է՝ փաստեր ունեն, որ Թուրքիան ծրագրել ու համակարգել է սիրիացի ահաբեկիչների հավաքագրումը, ինչպես նաև ներգրավվել Արցախի դեմ պատերազմում. - «Այս ահաբեկիչների տեղափոխությունը, փոխադրումները, հավաքագրումը կատարվում է քաղաքացիական օդանավերով, այս ողջ ընթացքը` սկսած ֆինանսավորումից, հովոնավորվում է և աջակցություն է ստանում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Փաստեր ունենք, որ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներն են կառավարում բոլոր հրթիռահրետանային համակարգերը, ղեկավարել են գլխավոր ռազմական օպերացիաները, համակարգել են զինված ուժերի աշխատանքը: Այսինքն` այս ամեն ինչի մեջ կան փաստական տվյալներ, որոնք ուղղակիորեն վկայում են Թուրքիայի ոչ միայն աջակցության, այլ նաև ուղղակի մասնակցության մասին Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ագրեսիվ պատերազմում»:

Ռաֆայել Վարդանյանն ասաց՝ ձեռք բերված փաստերն անմիջապես միջազգային ատյաններ են ներկայացնելու։