Ժնևում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Իսկ մինչ հակամարտ կողմերի արտգործնախարարների հետ բանակցությունները, միջնորդներն ավելի վաղ միայն իրենց կազմով են հանդիպել, մտքեր փոխանակել։
Ժնևում Միացյալ Նահանգների առաքելությունը «Ռոյթերս»-ին, հաստատելով իր մասնակցությունը բանակցություններին, ասել է, թե ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները և կյանքի կոչել հրադադարի համաձայնեցված պարտավորությունները:
Մնացականյանն ու Բայրամովը Ժնևում հանդիպում են, չնայած մեկ օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ Բայրամովը մեկ օրով հետաձգելով այցը, հոկտեմբերի 30-ին Ժնև է մեկնելու հանդիպելու համանախագահների հետ: Հաղորդագրությունում ընդգծված էր, որ խոսքը բացառապես համանախագահների հետ հանդիպման մասին է։
Այսօրվա բանակցությունների մասին «Վաշինգտոն փոստը» գրում է, որ առաջընթացի լավատեսությունը քիչ է։ «Սեպտեմբերի վերջին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր հրադադարի երեք պայմանավորվածությունները տապալվել են։ Երկու երկրներում ազգայնական տենդագին տրամադրություններ են», - նշված է հոդվածում։
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, Քենթուքի համալսարանի պրոֆեսոր Քերի Քավանոն «Վաշինգտոն Փոստ»-ին ասել է, թե հակամարտությունը շուտով կարող է հասնել անդառնալի կետի, երբ արդեն կանգ չի առնի՝ առանց ռազմական գործողությունների դրամատիկ ընդլայնման և մարդկային կորուստների աճի։
Ղարաբաղյան հակամարտության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրիեն արված հայտարարություններից, «Ռոյթերս»-ը նրա խոսքերից առանձնացրել է բանակցություններին Թուրքիայի մասնակցության հնարավորության հատվածը: Ռուսաստանի նախագահն ասել է, թե շատ երկներ, ներառյալ Թուրքիան ու եվրոպական մի շարք երկրներ պետք է միասին աշխատեն համաձայնություն գտնելու համար։
«Ռոյթերս»-ը նյութը վերանգրել է՝ «Պուտինը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բանակցություններում ներգրավել Թուրքիային»։
Այսօր, երբ Ժնևում բանակցությունները սկսվել էին, այդ նույն ժամերին Մոսկվայում Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես, զարգացումները Լեռնային Ղարաբաղում։
Սա արդեն Ռուսաստանի անվտանգության խորհրդի երրորդ նիստն է, որտեղ քննարկվում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու տարբերակին, ապա այս պատերազմի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, երեկ նաև Վլադիմիր Պուտինը հստակորեն հայտնել են, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախկին իշխանությունների հետ քննարկվել է փուլային կարգավորման տարբերակ՝ հայկական զորքերը դուրս են բերվում հինգ շրջաններից, հետո՝ երկու, Ղարաբաղը կապ է ունենալու Հայաստանի հետ, իսկ կարգավիճակի մասին հստակ բան չեն ասել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու օր առաջ «Ինտեֆաքս»-ի հարցազրույցում ասել է, թե կարգավորման հիմնարար սկզբունքները երկնքից չեն ընկել, դրանք առաջարկել են համանախագահները, կողմերի հետ համաձայնեցվել են, բայց Հայաստանում իշխանության եկած նոր կառավարությունն ասել է, թե ոչ մի սնատիմետր հող չեն տալու։
Այսօրվա բանակցությունների ակնկալիքների մասին Ալիևն ասել է, թե ակնկալում են ժամանակացույցի սահմանում, նրա խոսքերով հինգ շրջանները վերադարձնելու հարցը գործնականում լուծվել է, հիմա պետք է ժամանակացույց սահմանվի, թե հայկական զորքերը երբ են դուրս գալու մյուս շրջաններից։
Միջազգային ազդեցիկ դերակատարները պահանջում են անհապաղ դադարեցնել կրակն՝ առանց նախապայմանների: