Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրադրությունը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տնօրեն Փեթեր Մաուրերի հետ:

Հայաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր:

Զոհրաբ Մնացականյանը ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին հանգամանալից տեղեկատվություն է հաղորդել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող «ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտումների» վերաբերյալ: Նախարարը իր զրուցակցին ծանոթացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների «դիտավորյալ թիրախավորման և դրա հետևանքով պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և սպանությունների փաստերին»:

Նախարարն ընդգծել է, որ մարդու իրավունքները և դրանց պաշտպանությունը համընդհանուր են՝ անկախ տվյալ տարածքի կարգավիճակից, և այս կապակցությամբ ցանկացած այլ մեկնաբանություն կրականապես անընդունելի է:

ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը:

Կողմերն ընդգծել են կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 17-ին և 25-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում լուծման անհրաժեշտությունը: ԿԽՄԿ նախագահը կարևորել է կրակի դադարեցման շուրջ համաձայնության կյանքի կոչման և զոհվածների մարմինների հավաքագրման ու փոխանակման պայմանավորվածության կատարմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG