Իրանը «շատ անհանգստացած է» Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունից

Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին զրուցում է «Ազատության» հետ։ Երևան, 30-ը հոկտեմբերի, 2020թ.

Իրանը «շատ անհանգստացած է» Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունից և իր մտահոգությունը փոխանցել է պաշտոնական Բաքվին, կեսգիշերն անց Երևանում «Ազատության» հետ զրույցում ասաց Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին։

Արաղչին, ով միաժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հատուկ բանագնացն է, երեկ աշխատանքային այցով ժամանել էր Երևան՝ ներկայացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման Թեհրանի առաջարկները, և ուշ երեկոյան նրան ընդունեց արտգործնախարար Զորհաբ Մնացականյանը, այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ազատություն». - Ձեզ անհանգստացնո՞ւմ է Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան։

Արաղչի. - Այո, շատ անհանգստացած ենք, և մեր անհանգստությունը փոխանցել ենք Բաքվին, և ես քննարկում եմ ունեցել այս հակամարտությունում բոլոր ահաբեկչական խմբերի ներկայության մասին։ Սա անընդունելի է։ Ես շատ արդյունավետ քննարկում եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ։ Ծավալուն քննարկում էր, շատ արդյունավետ, շատ օգտակար։ Կարծում եմ, որ հիմա մենք շատ լավ հասկանում ենք մեկս մյուսի մտահոգությունները և ավելի լավ հեռանկար ենք տեսնում ապագայի վերաբերյալ պատկերացումների առնչությամբ։

«Ազատություն». - Դուք այս հարցը քննարկե՞լ եք Ադրբեջանի իշխանությունների հետ։

Արաղչի. – Իհարկե։

«Ազատություն». - Եվ վերջին հարցը, որո՞նք ենք հակամարտության կարգավորման ձեր նախաձեռնության հիմնական կետերը։

Արաղչի. - Ես մեր նախաձեռնությունը ներկայացրել եմ շահագրգիռ կողմերին և մենք սպասում ենք, որ նրանք ուսումնասիրեն, քննարկեն դա, դրանից հետո արդեն պատրաստ կլինենք խոսել այդ տարրերի մասին»։

Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ընդունելով Արաղչիին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները։ Արաղչին ընդգծել է Իրանի համար Հայաստանի հետ ամուր բարեկամական կապերի կարևորությունը, և ներկայացրել է Իրանի մոտեցումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ։ Նաև երկուստեք անհանգստություն է արտահայտվել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների մասնակցության կապակցությամբ՝ դիտարկելով այն որպես ընդլայնման ներուժ պարունակող վտանգ, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը:

Իրանի փոխարտգործնախարարը Երևան է ժամանել Մոսկվայից, ուր Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին էր ներկայացրել իրենց առաջարկները, որոնք, ըստ Արաղչիի, ընդգծում են՝ «օկուպացիան դադարեցնելու, պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև մարդու իրավունքներն ու փորքրամասնությունների շահերը պաշտպանելու և խաղաղ բնակչության ու բնակավայրերի դեմ բռնությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»։

Իրանցի դիվանագետը նաև հայտարարել է, որ առաջարկի նպատակը ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանային երկրների ջանքերով կարգավորելն է, ոչ թե դրանից դուրս գտնվող՝ Մինսկի խմբի անդամ-պետությունների մասնակցությամբ։

Էլ ավելի վաղ Աբբաս Արաղչին Բաքվում էր, ուր առաջարկը քննարկել էր նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ալիևի հետ մեկուկես ժամանոց հանդիպման արդյունքում, ըստ Արաղչիի, Բաքուն դրական է գնահատել Թեհրանի առաջարկները։

Իրանագետ Աննա Գևորգյանի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Թեհրանի նախաձեռնությունը նպատակ ունի հիշեցնել տարածաշրջանում իր ազդեցության մասին․ - «Մինսկի խմբի համանախագահության արդյունավետությունը վիճարկող մի շարք հայտարարություններ տեսանք, հատկապես Թուրքիայի կողմից։ Եվ անվերջ ձգտում թուրք-ռուսական տանդեմի միջոցով հարցը կարգավորել։ Այդ նախաձեռնությունը գալիս է հիշեցնելու, որ եթե տարածաշրջանային երկրները պիտի որոշեն այդ հարցը, ինչին Իրանը սկզբունքորեն դեմ չէ, ապա անպայման պիտի նաև իր մասնակցությունը լինի։ Հիմա մեր դիտանկյունից ինչով է դա կարևոր։ Որովհետև նույն այն պլանը, որ կա բանակցությունների սեղանին, ենթադրում է նաև խաղաղապահների ներկայություն։ Եվ եթե խոսքը ռուս խաղաղապահների մասին է, դրան Ադրբեջանը հակադարձում է, որ դրանք կարող են լինել ռուս-թուրքական համատեղ խաղաղապահ ուժեր։ Իրանը իր այս ծրագրով բանակցությունների, քննարկումների ընթացքում կարող է քննարկել նաև այդ հարցը»։