Մատչելիության հղումներ

Ըստ իրանագետի, տարածաշրջանային հանդիպումներով Թեհրանը փորձում է ամրապնդել իր դիրքը


Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին, արխիվ
Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին, արխիվ

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը քննարկելու օրակարգով Բաքվում այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Իրանական IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, իրանցի պաշտոնյայի այցի հիմնական նպատակ ռազմական գործողությունները դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը վերականգնելու իրանական ծրագրի ներկայացումն է:

Ըստ իրանական կողմի՝ մի քանի փուլ ենթադրող այդ ծրագիրը կարող է նպաստել հակամարտող կողմերի միջև երկարատև խաղաղության հաստատմանը։ Նախատեսված է նաև Արաքչիի այցը Մոսկվա, Անկարա և Երևան։ Այդուհանդերձ, Հայաստանի արտգործնախարարությունից դեռ չեն շտապում հաստատել իրանցի պաշտոնյայի այցի մասին լուրերը։

Ադրբեջանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Արաքչիի հետ հանդիպմանը կրկնել է ադրբեջանական կողմի պաշտոնական դիրքորոշումը, որ Բաքվի առաջնային նպատակը օկուպացված տարածքներից հայկական զորքի դուրսբերումն է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերահաստատումը։

Իրանագետ Աննա Գևորգյանը կարծում է, որ այս հանդիպումներով Իրանը փորձում է ամրապնդել իր դիրքը տարածաշրջանում։

«Կարծում եմ, որ Իրանը այս ծրագիրն առաջ քաշելով, այս նախաձեռնությամբ հանդես գալով, նպատակ ունի ծրագիրը որպես նպատակ օգտագործելով շփումներն ինտենսիվացնել տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների հետ և թույլ չտալ, որ իրեն անտեսելով որևէ այլ ձևաչափով լուծման հնարավորություն տեսնենք: Խոսքը հատկապես վերաբերում է այն բոլոր միտումներին, որ մենք տեսնում ենք հատկապես Թուրքիայի կողմից դուրս մեղելու ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը հակամարտության լուծման համատեքստից և Ռուսաստանի հետ երկխոսելով, իրենք բացահայտ նաև նշում են, որ Սիրիայում հակամարտության լուծման ձևաչափի կրկնօրինակմամբ ռուս-թուրքական ձևաչափով լուծեն այս հարցը, բնականաբար, սա չի կարող չհուզել Իրանին», - նշեց Գևորգյանը:

Գևորգյանը միևնույն ժամանակ շեշտում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է։ Իրանը միջնորդական իր նախաձեռնության մասին հայտարարել էր այս ամսվա սկզբին՝ ղարաբաղում վերսկսված պատերազմից մոտ մեկ շաբաթ անց, սակայն այդ ծրագրի մանրամասները պաշտոնական Թեհրանը այդպես էլ դեռ չի բացահայտել։

Նախքան Բայրամովի հետ հանդիպումը Արաքչին, IRNA-ի փոխանցմամբ, խոսել է «ադրբեջանական հողերի օկուպացիային վերջ տալու մասին և ասել, թե դա իրանական նախաձեռնության կարևոր մաս է կազմում»։ Նա հավելել է, թե ծրագրի հիմքում նաև փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն է։

Իրանագետը նկատում է՝ Ղարաբաղյան հակամարտության ողջ պատմության ընթացքում Իրանի դիրքորոշումը եղել է նույնական՝ չեզոքություն պահպանելով հանդերձ շեշտել տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ դա պետք է դիտարկել Իրանի ներքին հարցերի շրջանակում։

«Մենք պետք է հաշվի առնենք, որ յուրաքանչյուր երկրի հետ առանձնահատուկ բառարան պետք է օգտագործենք՝ մեր շահերն առաջ տանելու համար: Եթե օրինակ, Իրանի համար ազգերի ինքնորոշման սկզբունքը ներսում իսկ կարող է խնդիրներ ստեղծել, եթե իրենք ընդունեն, բայց Իրանի քաղաքական աշխարհայացքի տեսանկյունից եթե նայում ենք, անարդարության և զրկանանքների նաև ցեղասպանական գործողությունների ենթարկված ժողովրդի պաշտպանությունը չի հակասում իր սկբունքներին: մենք իր հետ երկխոսելիս պետք է արաջ քաշենք հենց այդ սկզբունքները», - ընդգծեց Աննա Գևորգյանը:

Ասածի վառ ապացույցը իրանագետը համարում է այն, որ սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողության առաջին իսկ օրերից Իրանը հայտարարել է, որ Թեհրանի համար անընդունելի է թաքֆիրական [ծայրահեղ սուննի] և այլ կարգի ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում։

«Ահաբեկիչների մասին խոսելը և խոսելն անգամ արտգործնախարարի շուրթերով հավելյալ հնարավորություն է տալիս Իրանին ոչ թե հակաադրբեջանական, այլ հակաահաբեկչական որակել այն գործողությունները, որ հնարավոր է, որ ինքը կատարի ապագայում», - ասաց իրանագետը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից արդեն հաստատել են, որ վաղը՝ հոկտեմբերի 29 -ին, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին կհանդիպի Ռուսաստանի փոխարտգործանախարի հետ՝ ղարաբաղյան ճգնաժամը քննարկելու համար։

XS
SM
MD
LG