Իրանը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման ծրագիր է մշակել: Երեքշաբթի երեկոյան Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ չգաղտնազերծելով, սակայն, այդ ծրագրի դրույթներից և ոչ մեկը։
«Երկրի բարձրաստիճան ղեկավարների հավանությամբ այդ ծրագիրը կներկայացվի այսօր կամ վաղը։ Մենք այն պատրաստվում ենք ներկայացնել նաև Մոսկվայում և Երևանում», - հայտարարել է իրանական դիվանագիտության ղեկավարը։
Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ «Թեհրանի համար անընդունելի է թաքֆիրական [ծայրահեղ սուննի] և այլ կարգի ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում»։
Զարիֆի այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ Թեհրանի կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական առաքելության մասին էին հայտարարել իրանցի մի շարք այլ բարձրաստիճան դիվանագետներ ևս։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ մասնավորաբար նշել էր, որ իրանցի դիվանագետների կողմից մշակված կարգավորման ծրագիրը «կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը»։
Նույն ժամերին Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին Twitter-ի իր օգտահաշվում գրել էր, որ Ադրբեջան է ուղևորվել փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին։ Նա կարգավորման իրանական ծրագիրը ներկայացնում է ադրբեջանական ղեկավարությանը։ Բաքու մեկնելուց առաջ Իրանի փոխարտգործնախարարը տեսչական այցով ժամանել էր երկրի հյուսիսային՝ մերձարաքսյան շրջաններ՝ ծանոթանալով ռազմաճակատի գոտուն հարող բնակավայրերում տիրող իրավիճակին։
«Իրանը Արաքս գետի վրա կառուցված մեծ էլեկտրակայաններ ու ջրամբարներ ունի։ Դրանք մեզ համար առաջնային կարևորություն ունեն և չպետք է տուժեն մեր երկու հարևան երկրների միջև ընթացող պատերազմի պատճառով», - նշում էր Իրանի փոխարտգործնախարարը, որն, ըստ IRNA պաշտոնական գործակալության, երեկ այցելել է Ասլանդուզում գտնվող Միլ-Մուղանի ջրամբարի տարածք։
Սրան զուգահեռ՝ իրանցի ուժայինները շարունակում են ռազմական ուժեր կուտակել Արաքսի երկայնքով։ Հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ երկրի հյուսիսային սահմանների մոտ տեղակայվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք ստորաբաժանումներ։ Կիրակի օրը Իրանի զինված ուժերը Արևմտյան Ատրպատական նահանգում նախապես չհայտարարված լայնածավալ զորավարժություններ սկսեցին։ Երեկ երեկոյան էլ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլ-Ռահին Մուսավին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի երկայնքով ուժեղացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ «Մենք մեր երկրի սահմաններին որևէ սպառնալիք չենք հանդուրժի», - ասել է իրանցի զինվորականը։