Մնացականյանը խոստացել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ են մտքեր փոխանակել Հայաստանի ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանը և աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին երեկ ուշ երեկոյան կայացած հանդիպման ժամանակ:

Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ, և կարևորել է Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:

Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:

Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին:

«Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով». այսպես է պաշտոնական Թեհրանը բնորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը Իրանի ԱԳ փոխնախարարն արդեն ներկայացրել է Բաքվում, Մոսկվայում և Երևանում ու պատրաստվում է քննարկել նաև Անկարայում:

«Նախ, մենք առաջարկում ենք խնդրի կարգավորումը գտնել տարածաշրջանի երկրների, ոչ թե դրանից դուրս գտնվող՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ, որոնք աշխարհագրորեն, քաղաքականապես, ինչպես նաև աշխարհայացքով ու մտածելակերպով շատ հեռու են տարածաշրջանից և չեն հասկանում տեղի ժողովուրդների տառապանքը», - երեկ Մոսկվայում հայտարարել էր Արաղչին:

«Մենք առաջարկում ենք խաղաղության պլան, որը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա և հաշվի է առնում հակամարտող երկու կողմերի պահանջները: Ծրագիրն ընդգծում է օկուպացիան դադարեցնելու, պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև մարդու իրավունքներն ու փորքրամասնությունների շահերը պաշտպանելու և խաղաղ բնակչության ու բնակավայրերի դեմ բռնությունները դադարեցնելու անհրաժեշտությունը», - մանրամասնել էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը: