Իրանը զորքեր է կուտակում Արաքսի երկայնքով

Իրանի բանակի ամենամյա զորավարժություններ, արխիվ

Նոր զորամիավորումներ Արաքսի երկայնքով և լայնածավալ զորավարժություններ երկրի հյուսիսում՝ այսպես է պաշտոնական Թեհրանն արձագանքում իր սահմանների անմիջական հարևանությամբ ընթացող հայ-ադրբեջանական պատերազմին։

Կիրակի օրը Իրանի ամենաազդեցիկ և մարտունակ ուժային կառույցներից մեկի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» միանգամից մի քանի ստորաբաժանումները վերատեղակայվեցին երկրի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ։

Ուշագրավ է, որ կորպուսը ներկայացնող բարձրաստիճան սպաներից մեկը նախօրեին, իրանական հեռուստատեսության եթերում մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ցանկը՝ կարծես հասկացնելով, թե որքան լուրջ են տրամադրված Թեհրանում։

«Իմամ Զաման» մեքենայացված բրիգադը տեղակայվել է Խուդաֆերինի և Ասլանդուզի շրջաններում։ Մազանդարանում տեղակայված 25-րդ և Ղազվինում գործող 16-րդ զրահատանկային դիվիզիաների կազմում գործող ստորաբաժանումները տեղակայվել են սահմանի մյուս հատվածներում՝ մասնավորաբար [Նախիջևանի ինքնավար հանրապետությանը սահմանակից] Ջուլֆայում», - տեղեկացնում էր զինվորականը։

Երեկ ուղղաթիռով Իրանի հյուսիսային սահմանագիծ է ժամանել նաև «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Մոհամադ Փաքփուրը։

«Թեհրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն Կովկասում չի հանդուրժի։ Դա այն կարմիր գիծն է, որն Իրանի Իսլամական Հանրապետությունը հատել չի կարող։ Այստեղ վերատեղակայված ուժերի գլխավոր նպատակը մեր ազգային շահերի պաշտպանությունն ու տեղի բնակչության անվտանգության ապահովումն է։ Անհրաժեշտության դեպքում, սակայն, մենք կարող ենք և մեծացնել մեր ռազմական ներկայությունը սահմանի երկայնքով», - պնդել է «Հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային ուժերի հրամանատարը։

Իրանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ սեպտեմբերի 27-ից՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, հակամարտության գոտուց արձակված շուրջ 100 արկեր ու հրթիռներ են ընկել սահմանամերձ բնակավայրերում՝ վնասելով տեղացիների տներն ու ցանքատարածությունները, մի քանի բնակիչ վիրավորվել էր։ Գեներալ Փաքփուրի խոսքով՝ պաշտոնական Իրանը այս ամենը հանդուրժել այլևս չի պատրաստվում։

«Հակամարտության սկզբից ի վեր մենք, մեր սահմանապահների միջոցով զգուշացրել էինք երկու կողմերին, որ մեր քաղաքացիների անվտանգությունն ու խաղաղությունը վտանգող գործողությունները անընդունելի են։ Այս հարցում մենք որևէ վերապահում չունենք», - հայտարարել է իրանցի զինվորականը։

Նշենք, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ստորաբաժանումների վերատեղակայմանը զուգահեռ՝ նույն տարածաշրջանում լայնածավալ զորավարժություններ է սկսել նաև Իրանի կանոնավոր բանակը։

Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային սահմանակից Արևմտյան Ատրպատական նահանգում երեկ կազմակերպված զորավարժություններին մասնակցել են Իրանի Զինված ուժերի մի քանի հազար զինծառայողներ։

«Զորավարժություններին մասնակցել են երկրի Զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումները՝ մասնավորաբար հրետանային և ինժեներական զորախմբերը և անօդաչու թռչող սարքեր», - նշված է իրանական լրատվամիջոցների կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Իրանի պաշտպանության նախարարության տեղեկություններով, զորավարժությունների նպատակը «սահմանամերձ գոտում տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակի ստուգումն էր»։