Մատչելիության հղումներ

Իրանը հակաօդային պաշտպանության զորավարժություններ է անցկացնում


Զորավարժություն իրանում, արխիվ
Զորավարժություն իրանում, արխիվ

Իրանում այսօր լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել, որն ընդգրկում է երկրի տարածքի կեսից ավելին: Հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունները հատկապես կենտրոնցած են անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու վրա։

Իրանի հակօդային պաշտպանության ուժերի գեներալ Աբաս Ֆարաջփուրն ասել, որ զորավարժությունների գլխավոր նպատակը երկրի ռազմավարական օբյեկտների պաշտպանությունն է։

Իրանի հյուսիսարևմտյան գոտու հակաօդային ուժերի հրամատար բրիգադի գեներալ Աբաս Ազիմին լրագրողներին ասել է, որ երկրի հյուսիսարևմտյան սահմանին, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուն հարող տարածքում լիակատար անվտանգություն է հաստատված օդում և ցամաքում։

Բայց նույն օրը Իրանի պետական լրատվամիջոցը հաղորդեց, որ ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Իրանի տարածքի վրա, Ղարա Գոչ գյուղի մոտ։

Անցած կիրակի ավարտվեց Իրանի հանդեպ ՄԱԿ-ի սահմանած զենքի վաճառքի էմբարգոն, որը տևեց ուղիղ տասը տարի։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, թե Իրանը արդեն կարող է զենք վաճառելու ում ցանկանա, և զենք գնել որտեղից կամենա։

Չնայած ԱՄՆ-ի ու Իսրայելի զգուշացումներին, նշենք, որ վերջինս զենք է վաճառում Ադրբեջանին, ՄԱԿ-ում Իրանի առաքելության խոսնակ Ալիրեզա Միրիուսեֆին ամերիկյան «Նյուսվիքին» ասել է, թե ԻԻՀ-ն պատրաստ է զենքի առք ու վաճառք վերսկսել բարեկամական ու առևտրային իր շատ գործընկերների հետ։ Նա ասել է, որ Թեհրանը սեփական հզոր ռազմարդյունաբերությունն ունի, որը պաշտպանություն է ապահովում արտաքին ագրեսիայից։

Ավելի վաղ Թեհրանը հայտնել էր, որ 25 երկիր Իրանից զենք գնելու ցանկություն է հայտնել, առանց նշելու այդ երկրների անունները;

Ըստ «Նյուսվիքի» մեկնաբանի՝ Հայաստանը ակնկալում է Իրանի աջակցությունը Ադրբեջանին ճնշելու համար, մահմեդական Ադրբեջանն իր հերթին է ակնկալում Թեհրանի աջակցությունը, գնահատելով Թեհրանի դիվանագիտական նախաձեռնությունները, երկուսն էլ գտնում են, որ միջազգային միջնորդները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը բավարար ջանքեր չեն գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար։

Անցած շաբաթավերջին Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆը ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում բանակցությունների եռակողմ ձևաչափ է առաջարկել Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Նման ձևաչափով ենթադրվում է է փոխլրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը։

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը «Նյուսվիքին» տված մեկնաբանությունում արձագանքել է Թեհրանի առաջարկին։ «Մենք գնահատում ենք Իրանի հավասարակշիռ մոտեցումը և ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, որը սկսվել է 1991 թվականից։ Իրանը Հայաստանի ու Ադրբեջանի հարևան երկիր է, ինչպես նաև սահման ունի Արցախի Հանրապետության հետ: Ինչ վերաբերում է բանակցություններին, որոնք կարող են տարածաշրջանում դադարեցնել ագրեսիան, ապա կարծում եմ՝ Իրանը հնարավորություններ ունի և կարող է օգտագործել իր լծակները զսպելու Ադրբեջանին և կոչ անելու Թուրքիային յուղ չլցնել ղարաբաղյան հակամարտության կրակի վրա» - ասել է Հայաստանի դեսպանը։

Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանը ևս արձագանքել է Թեհրանի առաջարկին՝ միաժամանակ հիասթափություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեությունից։ «Ադրբեջանը գնահատում է յուրաքանչյուր առաջարկ, որը կօգնի հասնելու այդքան անհրաժեշտ խաղաղությանը մեր տարածաշրջանում»,- ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։

Նրա խոսքերով՝ վերջին առնվազն 28 տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը շատ փոքր առաջընթաց է արձանագրել բանակցություններում։

Սուլեյմանովն ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում որքան հնարավոր է շուտ վերականգնել բանակցությունները, միաժամանակ մեղադրելով Հայաստանին Մինսկի Խմբի մշակած հիմնարար սկզբունքներից հրաժարվելու համար։ «Մենք գտում ենք, որ բանակցություններում պետք է ներգրավվեն Մինսկի Խմբի բոլոր անդամները, ներառյալ Գերմանիան, Թուրքիան»,- ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը։

Հայկական կողմը բացառում է Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության բանակցություններին։

«Միակ հնարավոր լուծումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի փոխադարձ զիջումների վրա։ Ինչ վերաբերում է բանակցություններին Թուրքիայի մասնակցության հնարավորությանը, ապա լավագույն բանը, որ կարող է անել Թուրքիան, հեռու մնալ այդ գործընթացից, որովհետև կողմնակալ մոտեցում ունի», - ասել է Վարուժան Ներսեսյանը, ընդգծելով՝ «մեզ համար Թուրքիայի մասնակցությունը անընդունելի է, որովհետև նա փորձում է ապակայունացնել այս փխրուն տարածաշրջանը»։

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը ևս մեկնաբանություն է տվել «Նյուսվիքին», անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին։

Ղարաբաղյան հակամարտության հարցում Թեհրանի դիրքորոշումը ձևակերպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին, հայտարարելով, որ Թեհրանը իր դիրքորոշումն ընդունում է նախևառաջ հաշվի առնելով սեփական շահերը։

«Իրանի արտաքին քաղաքականությունը Վաշինգտոնում, Լոնդոնում, Պեկինում, Բաքվում, Երևանում, Մոսկվայում կամ Անկարայում չի որոշվում, այլ Թեհրանում՝ առաջին հերթին հաշվի առնելով մեր ազգային շահերն ու անվտանգությունը։ Կառավարությունների, ռեժիմների, «հատուկ շրջանակների» հոգեբանական ու քարոզչական պատերազմները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն, թե ինչ պետք է անել, կամ ինչ չպետք է անել», - Թվիթերում գրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG