Կորոնավիրուսով վարակված մոտ 800 քաղաքացի ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում է, 388 մարդ էլ այսօր առավոտվա դրությամբ սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Այս տեղեկությունը հայտնած առողջապահության նախարարն ահազանգում է՝ հիվանդանոցային մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցողներին։
Հայաստանում վիրուսի տարածման տեմպը օրեր շարունակ չի նվազում, վերջին մեկ օրում գրանցվել է 2213 նոր դեպք։ Դրական է եղել իրականացված 4497 հետազոտությունների գրեթե 50 տոկոսը, մահացել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն ունեցող 12 մարդ, կորոնավիրուսով վարակված ևս 4 անձ մահացել է այլ պատճառներով։
Օրեցօր աճող թվերը մատնացույց անող նախարարը խնդրում ու կոչ է անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ դիմակներ դնել, պահպանել սոցիալական հեռավորությունը և պարբերաբար ախտահանել ձեռքերը. - «Թո՛ւյլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ։ Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»,- հայտարարում է Արսեն Թորոսյանը։
Վարակաբան Հասմիկ Ղազինյանն ասում է՝ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում, մարդկանց զգոնությունը պատերազմական այս օրերին թուլացել է. - «Հայրենասիրության մեջ մտնում է մեր բանակի, մեր ազգաբնակչության խնայումը կորոնավիրուսիային ինֆեկացիայից, որովհետև ինչպես տեսնում եք, մահացությունը չափազանց բարձր է, բավականին շատ են ծանր դեպքերը, նույնիսկ սովորական բաժանմունքները հոսպիտալիզացնում են պացինետներ, որոնք օրենքով պետք է հոսպիտալիզացվեն վերակենդանացման բաժանմունքում, բայց ցավոք սրտի, տեղերի սուղ խնդիր ունենք մենք, և մեր սպիտակ բանակը` հանձինս մեր բժիշկների, վարակաբանների, օրուգիշեր պայքարում են մեկ մահացություն պակաս տալու, մեկ մահվան դեպք պակաս տալու, բայց այդ սպիտակ բանակի անձնուրաց նվիրվածությունը չի ուղեկցվում շատ ժամանակ մեր ազգաբնակչության ըմբռնումով մոտեցումով»:
Աշխարհի բազմաթիվ երկրներում կորոնավիրուսի երկրորդ ալիք կա, բայց այն, ինչ Հայաստանում է կատարվում, անկախատեսելի էր, ասում է վարակաբանը. - «Մենք պետք է խնայենք իրար, մասնավորապես սահմանին կռվող զինվորին: Բերեք միանանք, բերեք օգնենք իրար, պայքարենք կորոնավիրուսի դեմ, երբեք չասենք` միևնույնն է` բոլորը վարակվելու են, երբեք չասենք` պատերազմ է, ի՞նչ հակահամաճարակային միջոցառումներ, եթե որևիցե մեկը մոտ է կանգնած հիվանդանոցային կյանքին, ապա կտեսնի, իսկապես տեսնում ենք, որ մահացությունները շատացել են հենց կորոնավիրուսային ինֆեկցիայից: Հենց հիմա է դիմակը պետք, հենց հիմա է բժշկին ուղղորդելը դեպի մեր վիրավորված զինվորները, հենց հիմա պետք է պահպանել սոցիալական տարածությունը և խիստ ըմբռնումով մոտեցումը ցանկացած հանդիպումների` այն կարճացնելով, այն դարձնելով ավելի իմաստալից: Մենք հիմա մեկս մյուսին պետք է խնայենք»:
Այս պահին հիվանդանոցներում և տանը բուժում են ստանում ավելի քան 23 հազար մարդ։ Հայաստանում մինչ օրս կատարվել է ավելի քան 372 հազար թեստավորում, կորոնավիրուսը հաստատվել է 75523-ի մոտ, մահացել է 1157 հոգի, կորոնավիրուսով վարակված ևս 333 հոգի մահացել է այլ պատճառներով։