Առողջապահության նախարարությունն այսուհետ առաջնահերթ կհոսպիտալացնի կորոնավիրուսով վարակված այն հիվանդներին, ովքեր ունեն թթվածնի և անհետաձգելի բուժօգնության կարիք։
Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում հերթական ռեկորդն է գրանցվել՝ վարակվել է 2306 մարդ, դրական է եղել իրականացված թեստերի 44,4 տոկոսը։
Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, որը այսուհետ կհամակարգի Covid կենտրոնների աշխատանքը, «Ազատության» հետ զրույցում թվարկում է հոսպտալացման ենթակա հիվանդների խմբերը. «Ով այս պահին անհետաձգելի բուժօգնության կարիք ունի կամ գոնե թթվածին շնչելու կարիք ունի, հետո նոր արդեն ռիսկի խմբերը, իրանց հետևից նոր արդեն մնացած քաղաքացիները: Ունենք մեծ թվով չհոսպիտալացված հիվանդներ, այսինքն ովքեր սպասում են հոսպիտալացման իրենց հերթին՝ համաձայն նախարարի համապատասխան չափորոշիչ հրամանների: Բայց քանի որ մեծ է թիվը, իսկ տեղերը սահմանափակ են, մենք ուղղակի ըստ ծանրության աստիճանի, ըստ հրատապության որոշում ենք՝ առաջնահերթ ում հոսպիտալացնենք», - ասաց Սիմոնյանը:
Անցած մեկ օրում մահացել է ևս 10 հիվանդ, այսպիսով անցած 8 ամիսների ընթացքում կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 1131 մարդ, ևս 327 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Գևորգ Սիմոնյանը շեշտում է՝ վարակվածների թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով և չի բացառվում, որ մի քանի օր անց ազատ մահճակալ չլինի։ Այս պահին 2250 մահճակալ կա թերապևտիկ բաժանմունքներում, ևս 266-ը վերակենդանացման բաժանմունքներում է, որտեղ այս պահին որևէ ազատ տեղ չկա։ Սիմոնյանը չբացառեց, որ մի քանի օրից հոսպիտալներում տեղ չի լինի նույնիսկ խրոնիկ հիվանդություններ ունեցող և վիրուսը ծանր տանող հիվանդների համար:
«Չեմ բացառում, որ շատ կարճ, շատ տեսանելի ապագայում մենք նաև նման խնդիրներ ունենանք: Այսինքն մի քանի օրից, օրինակի համար, կարող է մենք նման խնդիրների բախվենք՝ ֆիզիկապես ազատ մահճակալ չլինի, որտեղ կարելի է հիվանդին պառկեցնել ու բուժօգնություն ցուցաբերել», - ընդգծեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենը:
Հաշվի առնելով պատերազմական վիճակն ու հիվանդանոցներում վիրավորների մեծ թիվը՝ ի՞նչ վիճակում կհայտնվի առողջապահական համակարգը, եթե առաջիկա մի քանի օրերին նոր վարակակիրների թիվը մնա 2000-ի սահմաններում, Սիմոնյանը պատասխանեց. «Կունենանք հիվանդներ, որոնք անհապաղ հոսպիտալացման կարիք ունեն, բայց չենք ունենա ազատ մահճակալ, որտեղ կարելի է հոսպիտալացնել ու պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: Անձնական պատասխանատվության մասով անկառավարելի ու շատ անպատասխանատու վիճակ է ստեղծվել երկրում: Հասկանում եմ՝ պատերազմական իրավիճակում ենք, էմոցիոնալ ծանր վիճակում ենք բոլորս, բայց այս համաճարակը ոնց որ դիվերսիոն խումբ լինի, որը թիկունքից մեզ հարվածում է»:
Անցած ամիսներին Այրվածքաբանության ազգային կենտրոնը ևս վերամասնագիտացել էր կորոնավիրուսային հիվանդության բուժում ապահովելու նպատակով։ Ղեկավար Գևորգ Սիմոնյանը ցավով է նշում, որ բժիշկներն այժմ աշխատում են երկու ճակատով, և այս տեմպերի դեպքում մասնագետների ֆիզիկական հնարավորությունները պարզապես կարող են չհերիքել։
«Մենք հիմա ծավալվում ենք, վերջին մի քանի օրվա ընթացքում ծավալեցինք Մարտունիում բժշկական կենտրոնը, Գյումրու բժշկական կենտրոնը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Դիլիջանի բժշկական կենտրոնը, Սպիտակը, Վեդին մի փոքր ավելի վաղ: Այսինքն10-ից ավելի Covid կենտրոն վերջին 10 օրվա ընթացքում երևի բացել ենք, բայց մեկ է տեմպը շատ արագ է, ու չենք հասցնում հետևից: Բացի դա կարող է մի պահ գա, որ մեր ֆիզիկական հնարավորություններից վեր է լինելու», - ասաց նա:
Առողջապահության նախարարությունը շարունակում է կոչ անել պահպանել անվտանգության կանոնները՝ դիմակ կրել, հաճախ լվանալ ձեռքերը կամ ախտահանել և պահպանել սոցիալական հեռավորություն։